Ինչ-որ մի կետում բոլոր ուժերը հատվելու են, որովհետև բոլորի նպատակը մեկն է․ Արթուր Վանեցյան

Ես ողջունում եմ ՀՅԴ-ի իմ գործընկերներին, որոնք այսօրվանից սկսեցին իրենց ակցիաները։ Ես առհասարակ բոլոր պետական և ազգային մտածողություն ունեցող ուժերին ողջունում եմ, որոնք սկսում են իրենց ակցիաները, քաղաքացիներին, որոնք մի քանի հոգով քայլեր են անում ու ցույց տալիս, որ համաձայն չեն այս իշխանության վարած քաղաքականության հետ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։

«Ինչ-որ մի կետում, ինչ-որ մի օր բոլոր ուժերը հատվելու են, որովհետև բոլորի նպատակը մեկն է՝ հանուն մեր երկրի, հանուն անվտանգ Հայաստանի, Արցախի, հանուն Հայաստանում և Արցախում ապրող արժանապատիվ քաղաքացու։ Մենք կարծում ենք, որ առանց իշխանափոխության այդ նպատակին չենք հասնի, բայց կան որոշակի խմբեր, որ այդ միջանկյալ միջոցի մասին չեն խոսում»,- ասաց նա։

Վանեցյանը նշեց, որ վերջին ջահերով երթին 60 հազարից ավելի մարդ էր մասնակցում, որը ևս ցույց է տալիս հանրության աջակցությունը։ Հարցին, թե հնարավո՞ր է խաղաղ ակցիաներով հասնել իշխանափոխության՝ վերջինս պատասխանեց, որ իրենց նպատակը՝ առանց օրենքի խախտումների պայքարն է, բայց եթե իշխանությունը անհամաչափ ուժ կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, ապա անպայման այն արձագանք կունենա։

«Իշխանությունն է պատասխան կրելու Երևանում և մարզերում օրինականությունը պահպանելու համար, դա իրենց պարտականությունն է, մենք վստահ ասում ենք՝ որևէ ապօրինություն չենք անելու, մենք չենք քանդելու, ջարդելու, այրելու, լինելու են քաղաքացիական անհնազանդություններ, որը քաղաքացու իրավունքն է»,- նշեց նա: