Թեստ։գիտես արդյո՞ք եվրոպական պետությունների մայրաքաղաքները
Չեխիայի տարածքը բնակեցվել է դեռևս հին քարի դարում: Չեխիան Եվրոպա աշխարհամասի հնագույն պետություններից է: X դարում կազմավորվել է Պրահայի իշխանությունը, որը դարձել է Չեխիայի ֆեոդալական պետության կորիզը:
Շուտով Չեխիայի իշխանության կազմի մեջ է մտել Մորավիան: 1198 թ-ից Չեխիան դարձել է թագավորություն: XVI դարի սկզբին երկիրը հայտնվել է Հաբսբուրգների՝ գերմանա-ավստրիական արքայատոհմի տիրապետության ներքո: Ավստրիայի տիրապետությունը շարունակվել է մինչև 1918 թ.: Առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիայի պարտությունից հետո Չեխիան, Սլովակիան և Մորավիան, դուրս գալով Ավստրո-Հունգարական կայսրության կազմից, միավորվեցին անկախ պետության՝ Չեխոսլովակիայի մեջ: Սակայն Չեխոսլովակիայի անկախությունը պահպանվեց մինչև 1939 թ., երբ երկիրն ընկավ ֆաշիստական Գերմանիայի տիրապետության տակ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին չեխերը մասնակցեցին Դիմադրության շարժմանը, իսկ Խորհրդային Միության զինված ուժերի կազմում ստեղծվեց ֆաշիստական զորքերի դեմ մարտնչող Չեխոսլովակյան կորպուսը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թ-ին, խորհրդային զորքերը մտան Չեխոսլովակիա և երկրում հաստատեցին սոցիալիստական կարգեր:
1968 թ-ին Չեխոսլովակիայի բնակչությունն ըմբոստացավ և փորձեց թոթափել սոցիալիստական կարգերը, սակայն ժողովրդի ելույթը ճնշվեց Խորհրդային Միության զինված ուժերի կողմից: 1990-ական թվականների սկզբին, երբ սոցիալիստական հասարակարգն Արևելյան Եվրոպայի երկրներում (Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն) փլուզվեց, Չեխոսլովակիայում հաստատվեցին ժողովըրդավարական կարգեր, իսկ 1991 թ-ին երկիրը խաղաղ ճանապարհով բաժանվեց 2 ինքնուրույն պետությունների՝ Չեխիայի և Սլովակիայի: