Բողոքարկելու ենք․ Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ հետագա անելիքների մասին 

Բողոքարկելու ենք․ Ջալալ Հարությունյանի եղբայրը՝ հետագա անելիքների մասին 

Ջալալ Հարությունյանի գործով վճիռը հրապարակվեց․ նա դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, դատախազը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, տուժող կողմը՝ 8: Հարությունյանի եղբայրը MediaHub-ին փոխանցեց, որ  բողոքարկելու են։

«Չեմ ուզում առաջ անցնել, կամ խոսել փաստաբանի փոխարեն։ Մենք բողոքարկելու ենք, ազատազրկման վճիռը ուժի մեջ չի մտնելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նշենք, որ հանրային մեղադրանքի և տուժող կողմը պահանջել էին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել։ Երեկ կայացած դատական նիստում հանրային մեղադրանքի և տուժող կողմը միջնորդել են ազատազրկման դատապարտել Ջալալ Հարությունյանին։ 

Ջալալ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ 

«Այս գործով ռազմական փորձագիտական հանձնաժողով է ստեղծվել՝ 11 փորձագետներով։ Նրանք բոլորը ռազմարվեստի հետ կապ ունեցող մարդիկ են, անգամ գեներալներ կան։ Նրանց փորձագիտական եզրակածությամբ պարզվել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ջալալ Հարությունյանի կողմից արձակված հրամանը պատճառահետևանքային կապ չի ունեցել։ Պատկերացրեք, դա նույնպես հաշվի չի առնվել»։ 

Հիշեցնենք, ըստ քրեական գործի՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, Հարությունյանը ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հունան Թադևոսյան