Ինչ էլ անեն՝ դանդաղ մահվան է գնալու. Մինասյանը՝ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մասին

Օրվա իշխանությունը հայտարարում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին՝ դրանով գցելով իր վրայից Արցախի հարցով պատասխանատվությունը: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ դա անընդունելի վարքագիծ է։

«Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցություններին մասնակցությանը, ապա դա մտնում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրերի մեջ։ Ձախողման են դատապարտված Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները։ Որևէ միջազգային մեխանիզմի գործածումն այս պահին ձախողման է ենթակա, եթե չկա ինքնորոշման իրավունքի հարցը։ Իսկ հիմա ինչ էլ անեն, դա դանդաղ մահվան է գնալու»,- նշեց նա։

Արծվիկ Մինասյանը նկատեց՝ որևէ արդյունք չեն ունենալու այս բանակցությունները, քանի որ Բաքուն Ստեփանակերտին իրեն հավասար կողմ չի դիտարկում, այլ բան, եթե ամեն ինչի հիմքում Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը լիներ։

«Իսկ հիմա ամեն ինչ արվում է ժամանակ ձգելու համար, այն էլ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին ժամանակ ձգելու, և տարածաշրջանում մեր վիճակն ավելի վատթարացնելու համար»,- կարծիք հայտնեց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։