Հայրենիքի զորացման գլխավոր միջոցը որակյալ ու ազգային կրթությունն է․ Արցախի պետնախարարը՝ շրջանավարտներին

Հայրենիքի զորացման գլխավոր միջոցը որակյալ ու ազգային կրթությունն է․ Արցախի պետնախարարը՝ շրջանավարտներին

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Վերջին դասի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին՝ Վերջին զանգի տոնի առթիվ: Դպրոցական կյանքի վերջին ղողանջը ազդարարում է կյանքի այդ քաղցր ու կարևոր փուլի ավարտը և նոր փուլի մեկնարկը, որը տանում է շրջանավարտներին քաղաքացիական ու մասնագիտական կայացման ճանապարհով:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Անկախ Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներից՝ կյանքն իր ընթացքն է թելադրում մեզ՝ օգնելով լուծումներ գտնել և քայլել առաջ: Վերջին զանգը խորհրդանշում է հենց լուծումը, որովհետև որակյալ ու ազգային կրթությունն է գլխավոր միջոցը մեր Հայրենիքի զորացման ու զարգացման համար: Ուստի, մաղթում եմ, որ դպրոցում ստացած ձեր մարդկային, ազգային ու քաղաքացիական որակներն ու արժեքները կարողանաք զարգացնել ու իրացնել կյանքի հետագա փուլերում՝ դառնալով օգտակար մարդիկ մեր Հայրենիքի ու ժողովրդի համար:

Թո՛ղ ձեր ուսուցիչների խորհուրդներն ու օրհնանքները միշտ ուղեկից լինեն ձեզ, իսկ ազգային իղձերն ու նպատակները՝ փարոս ձեր երթում»։