Նախկինում՝ սև-սպիտակ, հիմա՝ համատարած գորշ

Նախկինում՝ սև-սպիտակ, հիմա՝ համատարած գորշ

Արցախի մեկամսյա տոտալ շրջափակման պայմաններում ընդդիմադիր պայքարի որևէ գործուն օջախ զարմանալիորեն դեռևս չի նշմարվում։ Սա այն դեպքում, երբ ժողովրդական հսկա էներգետիկա կա՝ չպարպված ու ցասումնալից։ Նույնիսկ մեկուկես տարի առաջ Փաշինյանին սխալմամբ վերընտրածներն արդեն հոգնել ու վերջնականապես հիասթափվել են չավարտվող պատերազմից ու անորոշությունից և պատրաստ են գահընկեց անելու իրենց երբեմնի սիրեցյալին։

Ժամանակին Փաշինյանը ձիու վրա էր մնում հանրությանը սև-սպիտակի բաժանելով, պառակտելով ու թշնամացնելով։ Այսօր դա էլ չկա, համընդհանուր ապատիա է, թմրություն, ինչը պակաս ազգադավ մոտեցում չէ։ Սևի ու սպիտակի գունաբաժանումը, որը ժամանակին վերագրվեց ժողովրդին, այսօր փոխակերպվել է համընդհանուր մռայլ երանգի։ Նույնիսկ նրանք, ովքեր հակված չեն հավատալու իշխանախմբի դավադիր լինելու վարկածին, միևնույն է՝ Փաշինյանին այլևս չեն արդարացնում, եթե անգամ նրա գործողությունները պայմանավորում են պարզունակ անմտությամբ կամ նրա կիսախելագար բնույթով։

Ի՞նչ փույթ, թե որն է հայրենահանձնման իրական պատճառը՝ դավադրությո՞ւնը, թե՞ ապիկարությունը, երբ հետևանքը միևնույն է՝ ողբերգական է։ Մեր ժողովուրդն այսօր հավաքական կոնսենսուս ունի ընդամենը մեկ հարցի շուրջ՝ պետությունը մեռել է, կեցցե պետությունը։ Սեփական երկրի հանդեպ նման օտարացում երբևէ չի եղել՝ սկսած առնվազն ուշ խորհրդային շրջանից։

Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ՝ պատերազմի օրերին, հայ ժողովուրդն ինքնակամ ընդունեց դավադիր մարտը, զոհասեղանին դրեց իր լավագույն զավակների կյանքը, պարզապես զոհաբերեց հազարավորների, մթագնեց տասնյակ հազարավոր ընտանիքների ճրագը՝ հանուն ենթադրյալ հաղթանակի։ Անգամ դասալիքները, հայրենիքը լքած տղաներն էին կամովին վերադառնում ու զինվորագրվում ինքնաբուխ կազմավորված ջոկատներին։ Էլ ի՞նչ պիտի աներ մեր ազգը, որ հաղթանակը բնում խեղդած և պարտություն բերած առաջնորդը պնդեր, թե «թասիբը եռում է»։

Այս օրերին զորակոչ է, և բավական է հետևել հավաքակայանի մոտ խմբված նորակոչիկների և նրանց ծնողների խոսքուզրույցին՝ ըմբռնելու այն աղետալի անորոշությունն ու անկանխատեսելիությունը, որ կախված է նրանց գլխին։ Որքան էլ այս վարչախումբը զինվորների ծնողներին մոլորեցնի գավառական պատկերացումներով՝ իրենց որդիներին ելակով կերակրելու և նմանաբնույթ այլ անլուրջ թեզերով, զինվորն էլ, նրա ծնողն էլ հո հասկանում են, որ բանակային ծառայությունը նախևառաջ գեներալիտետի ու սպայակազմի, սպառազինության և ռազմավարական ծրագրերի հիմքի վրա է կառուցվում։ Այս տարրերից որևէ մեկն այսօր չկա։

Ի վերջո, պարտված պետությունն ու բանակը դեռևս չեն մաքրել այդ պարտության խարանը, հետևաբար՝ բոլորս էլ դրա կրողն ենք՝ ուզենք, թե ոչ։ Ե՛վ հասարակության, և՛ բանակի բարոյահոգեբանական վիճակն այսօր խիստ անմխիթար է։ Զինված ուժերն այս երկու տարում որևէ կերպ չեն վերականգնվել, այն դեպքում, երբ ընդամենը հինգ տարի առաջ տարածաշրջանում ամենամարտունակն էին, ԱՊՀ երկրների շարքում՝ առաջատար դիրքերում։

Շատ է ասվել, որ աշխարհում չկա երկրորդ նման երկիր, որտեղ իշխանությունը պետությանը տանի պարտության և չհեռանա։ Բայց շատ կարևոր է շարունակել այդ միտքը՝ ապագա իշխանությունը չպետք է ելնի նոր ձևավորված իրողությունների անբեկանելիության կանխավարկածից, պարզ ասած՝ չպետք է համակերպվի պարտության հետևանքների հետ, նախևառաջ՝ ձերբազատվի այդ ամոթալի խարանից, պարտվածի ու զոհի սոցիալ-հոգեբանական նկարագրից, ապա և համալիր վերականգնման ծրագիր ներկայացնի։ Ցավոք, քաղաքական դաշտի համատարած գորշության մեջ նման հավակնոտ և առողջ ուժ դեռևս չի նշմարվում։

 

Դավիթ Սարգսյան