ՔՊ-ում «բոլորը գայլ են բոլորի համար», ուստի նախ կփլուզվի կուսակցությունը, հետո կհեռանա Փաշինյանը

ՔՊ-ում «բոլորը գայլ են բոլորի համար», ուստի նախ կփլուզվի կուսակցությունը, հետո կհեռանա Փաշինյանը

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիլելյանի մանդատից հրաժարումը շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան Գյումրիում տեղի ունեցած միջադեպը։ Իրականում Գյումրիում տեղի ունեցածն ընդամենն առիթն է, այլ ոչ պատճառը։ Իսկ մանդատից հրաժարումը կապված է ՔՊ-ի ներսում ընթացող լուրջ խմորումների ու տարաձայնությունների հետ։ 

Թոմաս Հոբսի բնութագրմամբ. «Մարդկային ցեղի բնական վիճակում յուրաքանչյուր անհատ լցված է ագահությամբ, սարսափով, փառասիրությամբ ու կրքերով։ Բնական վիճակում մարդը գայլ է մեկ այլ մարդու համար ու ոչնչացումից փրկվելու համար անհրաժեշտ է բնական վիճակը փոխել քաղաքացիականի ու կնքել հասարակական դաշինք»։

ՔՊ-ական զանգվածը հախուռն կերպով պատսպարվելով «Քաղաքացիական պայմանագիր» անվան տակ, չկարողացավ իր ներսում միմյանց միջև «կնքել» պայմանագիր ու ձևավորել քաղաքական դաշինք։ Եվ հնարավոր էլ չէր, քանի որ չկար հավաքական նպատակը, ձևավորված չէր գաղափարախոսությունը, հետևաբար յուրաքանչյուրը մնաց իր անձնական նպատակների տիրույթում ու մեկը մյուսի համար վերածվեց գայլի։ Ներկայումս ՔՊ-ում գործում է բոլորով մեկին ու միմյանց հոշոտելու սկզբունքը։ Ցանկացած սայթաքում, ցանկացած վրիպում, Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանված գծից մի փոքր շեղում, միանգամից հանգեցնելու է հոշոտման, այնուհետև այդ ոհմակը երախը բաց սպասելու է հաջորդ զոհին ու այդպես շարունակ։

Որքան մոտենան 2026 թվականի ընտրությունները, այդքան ՔՊ-ի ներսում խմորումները ստանալու են առավել ուժգնացող դրսևորումներ ու այդ համապետական ընտրությունները նոր բարդություններ են ստեղծելու Նիկոլ Փաշինյանի համար։ Վերջինս սեփական քաղաքական թիմը համարելով սպառված, նպատակ ունի թարմացնել թե' կուսակցության վարչության կազմը, թե' ապագայում ձևավորվող համամասնական ցուցակը։ 

Հատկապես Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները Նիկոլ Փաշինյանին պարզորոշ ցույց տվեցին, որ ոչ միայն իր հանդեպ վստահության լիմիտին է ավարտված հանրության մոտ, այլև իր քաղաքական թիմն է վերածվել անպիտան գործիքի։ Այդ երկուսի զուգորդմամբ ընտրությունների գնալը հավասարազոր է 100 տոկոս պարտության։ Բայց մի բան է ցանկությունը, մի այլ բան իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի համար սպառված է նաև մարդկային ռեսուրսը, որոնց վրա հենվելով կարող է կուսակցության վերին շերտերում կատարել անհրաժեշտ փոփոխություններն ու վերադասավորումները։ Առավել պարզ խոսքով ասած՝ չկա մի ողջամիտ մարդ, որը ցանկություն հայտնի Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական ճանապարհ անցնելու։ Իսկ ՔՊ-ի ավելի ստորին շերտերից այդ մարդկանց գտնելը առհասարակ անհույս գործ է։

Անշուշտ դեռևս էլի ենք ականատես լինելու մանդատից հրաժարումների ու պաշտոնանկությունների, սակայն այդ ամենը կհանգեցնի ոչ թե կուսակցության թարմացման, այլ վերջնական պառակտման ու արդյունքում՝ փլուզման։

Սովորաբար մեկ անձի վրա հիմնված կուսակցությունները փլուզվում են, երբ տվյալ անձը տարբեր պատճառներով ընդմիշտ հեռանում է քաղաքական ասպարեզից, Նիկոլ Փաշինյանի պարագայում կլինի հակառակը, նախ կփլուզվի կուսակցությունը, այնուհետև կհեռանա Նիկոլ Փաշինյանը։

Կարեն Կարապետյան