Ստեփան Դեմիրճյանը մերժել է Մարությանին, Քերոբյանը նոր պաշտոն է ուզում, Քոչարյանը դժգոհ է ՀՅԴ-ից․ Մամուլը՝ սուրճով

Ստեփան Դեմիրճյանը մերժել է Մարությանին, Քերոբյանը նոր պաշտոն է ուզում, Քոչարյանը դժգոհ է ՀՅԴ-ից․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պարզվում է, բազմապրոֆիլ անձնավորություն է եւ իրեն փորձում է նաեւ այլ ոլորտներում: Ապացույցը նախարարի պահվածքն է, ՀՀ կառավարության նիստերի ժամանակ հնչեցրած հայտարարությունները:

Բանն այն է, որ Վահան Քերոբյանը գրեթե յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ արտահայտվում է, կարծիք ասում այն դեպքում, երբ հարցն այլ ոլորտների է վերաբերում: Պարզվում է՝ նա ոչ միայն կարող է խոսել խոշոր եղջերավոր անասունների պահման պայմանների, ֆերմերների տարբեր բողոքների մասին, այլ նաեւ, օրինակ, խոսել «Վայլդբերիզ»-ից տուժած քաղաքացիների մասին:

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, նա անցավ դեղերի ոլորտին, խոսեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 24-ի իր համարում գրել էր, որ Վահան Քերոբյանը ԱՄԷ այցի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել, որում որպես ձեռքբերում նշված է եղել ԱՄԷ հանդուրժողականության եւ համակեցության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքված հուշագիրը: Ստացվում է՝ Վահան Քերոբյանն իրեն փորձում է ամենատարբեր ոլորտներում. միգուցե ցանկանում է նոր պաշտոն ստանալ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, մեր տեղեկություններով, ցանկացել է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել Ստեփան Դեմիրճյանի կուսակցության՝ ՀԺԿ-ի ցուցակով, սակայն մերժում է ստացել Դեմիրճյանից։ Մարությանի շրջապատից մեզ ասացին, որ նախկին քաղաքապետի հաշվարկը հետեւյալն է՝ առաջադրվել չհեղինակազրկված կուսակցությամբ, իսկ Ստեփան Դեմիրճյանի կուսակցության ցուցակով մասնակցության պարագայում ՀԱԿ ակտիվը եւս կաջակցի։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ չէր, որ Մարությանն իր ցուցակը գլխավորի, բայց Մարությանը նախընտրել է ՀԺԿ-ին դիմել։

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր եւ Մարությանի միջեւ զրույց է եղել, բայց մերժել է։ Դեմիրճյանը հետեւյալ պատասխանը տվեց․ «Հայկ Մարությանը, ինչպես նաեւ որեւէ այլ թեկնածու, որը չի հանդիսանում ՀԺԿ անդամ, չի գլխավորելու մեր կուսակցության ցուցակը»։ Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն, ապա պարոն Դեմիրճյանը փոխանցեց, որ հարցն առաջիկայում կքննարկեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ազգային ժողովի աշխատակազմը պետք է գնահատական տա այն լրագրողների պահվածքին, ում հավատարմագրել է կամ թողել, որ մտնեն խորհրդարանի շենք: Բանն այն է, որ երեկ ՔՊ-ական պատգամավորը սոցցանցի իր էջում ուղիղ եթերից կտրված մի հատված էր տեղադրել, որտեղ լրագրողներն ակտիվ քննարկում էին խորհրդարանի միջադեպը, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո իրավիճակը սրվել էր:

Եվ, ահա, տեսանյութից մի հատված տեղադրելուց հետո Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Պետք է արժանի գնահատական ստանա նաեւ ԱԺ աշխատակազմի կողմից, ովքեր հավատարմագրել են ու թողել են, որ նա մտնի շենք»: Այսինքն՝ Արթուր Հովհաննիսյանը հիմա էլ ցանկանում է այնպես անել, որ որոշ լրագրողների մուտքը խորհրդարան արգելվի: Այն, որ այս իշխանությունները (որոնց թվում թերեւս ամենաշատն են նախկին լրագրողները) պայքարում են չորրորդ իշխանության ներկայացուցիչների դեմ, գաղտնիք չէ:

Բազմիցս են դեպքեր եղել, երբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է որակումներ տվել լրագրողներին: Հիմա էլ ՔՊ խմբակցության քարտուղարը, որը սպառնում էր կտրել ընդդիմադիր ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն, ԱԺ աշխատակազմին կոչ է անում հետեւել լրագրողների աշխատանքին: Ահա այսպես են Հայաստանի «ժողովրդավար» իշխանությունները հետեւում խոսքի եւ լրագրողների ազատությանը:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր է, ինչ Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից պաշտոնական հաղորդագրություններ է տարածում Հայաստան թմրանյութեր ներմուծելու վերաբերյալ։ Նախ՝ մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ 1 տոննա Հերոին է ներմուծվել Հայաստան, որը կապվում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ, սակայն հետախուզման մեջ գտնվող պատգամավորը հայտարարել էր, թե իրենք են բացահայտել դեպքն ու հայտնել իրավապահներին:

Գործով կալանավորվել է «Մրգենի» ՍՊ ընկերության ներմուծումների եւ գնման բաժնի պետ Մ.Ղ-ն , իսկ երեկ ձերբակալվեց ընկերության պահեստապետը: Այս հայտարարությունից մի քանի օր անց ԱԱԾ-ն հայտնեց, որ մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաեւ զենք, զինամթերք:

Պարզվում է՝ այսքանով պատմությունը չի ավարտվում. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է արել՝ ՀՀ թմրանյութ ներմուծելու գործընթացով. իրավապահները պարզել են, որ գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր: Իսկ թե ով կամ ովքեր են նրանք, կհայտնենք «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա հրապարակումներով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առաջիկայում ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում` հատկապես եվրոպական առանցքային երկրներում պաշտոնավարող դիվանագետների շրջանում:

Մեր տեղեկություններով, հետ է կանչվելու Լիտվա, Լատվիա, Էստոնիայում պաշտոնավարող Հովհաննես Իգիթյանը: Մեզ չհաջողվեց պարզել` նրան որեւէ այլ երկիր գործուղելո՞ւ են, թե՞ դժգոհ են աշխատանքից եւ որոշել են վերադարձնել Հայաստան: Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին եւս տեղափոխում են․ նրան կնշանակեն Լեհաստանում դեսպան, որն այժմ համարվում է ավելի կարեւոր բնագիծ, քան սկանդինավյան երկրները: Լիտվայում դեսպան կնշանակվի ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում 6 ամիս աշխատած Արա Մարգարյանը:

Եվս մի տեղափոխություն․ Նիդերլանդներում եւ Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը կտեղափոխվի Բրյուսել, ինչը նույնպես մեծ վստահություն է ընդդիմադիր հայացքներ ունեցող Կիմ Բալայանի որդու նկատմամբ: Այլ փոփոխություններ եւս նախատեսվում են դիվանագիտական կորպուսում, որոնց կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորների հարաբերությունները բավականին լարված են վերջին շրջանում: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Քոչարյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ մայիսի 4-ի հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը չի էլ թաքցրել իր դժգոհությունը դաշակցականներից, որ խիստ կառուցողական դիրք են գրավել:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ առիթով Ռոբերտ Քոչարյանի եւ Իշխան Սաղաթելյանի միջեւ անգամ լուրջ խոսակցություն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Իշխան Սաղաթելյանից։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մեջ միշտ էլ լուրջ խոսակցություններ լինում են, բայց մնացած մասը իրականությանը չի համապատասխանում: Երկրորդ նախագահի հետ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են»:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում