Թրամփը խոսել է մաքսատուրքերի բարձրացման, ՆԱՏՕ-ի վրա ծախսերի մասին․ Եվրոպային կոչ է արել փոխհատուցում վճարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները չեն մեղադրում ԱՄՆ-ին մաքսատուրքերի համաշխարհային բարձրացման համար։
Նրա խոսքով՝ հանգստյան օրերին է շփվել նրանց հետ։ «Գիտե՞ք ինչ են ասել, մենք ձեզ չենք մեղադրում»,- նշել է Թրամփը։
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չափազանց շատ է ծախսում ՆԱՏՕ-ի վրա։
«Այսպես չի կարող լինել: Միացյալ Նահանգները չի կարող կորցնել 1,9 տրիլիոն դոլար առևտրի վրա: Մենք չենք կարող դա անել և դեռ գումարներ ծախսել ՆԱՏՕ-ի վրա եվրոպական երկրներին պաշտպանելու համար: Մենք օգնում ենք նրանց ռազմական առումով, փող ենք կորցնում նրանց հետ առևտրի վրա: Սա խելագարություն է: Դրա համար ես ընտրվեցի, մենք դա բացատրեցինք: Ես գիտեմ, որ Ամերիկայի ժողովուրդն ամեն ինչ ավելի լավ է հասկանում, քան մեդիան»,- ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին:
Թրամփը Եվրոպային կոչ է արել փոխհատուցում վճարել ԱՄՆ-ին։
«Մենք Եվրոպային մեծ մաքսատուրքեր ենք դրել։ Նրանք սեղանի շուրջ են նստում։ Ուզում են խոսել, բայց խոսակցություն չի լինի, քանի դեռ մեզ տարեկան մեծ գումար չեն վճարել՝ ոչ միայն ներկայի, այլ անցյալի համար»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։