Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 9 վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ակնաղբյուրի վարչական տարածքում բախվել են մարդատար Ford Transit մակնիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը Թալինի, մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիներն իրենց անձնական ավտոմեքենաներով:
Վիրավորներից 3-ին տեղում օգնություն են ցուցաբերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել Թալինի հրշեջ փրկարարները:
Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում են Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Դմիտրի Պետրոսյանն ու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանը:
Հրշեջներ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: