ԵՄ անդամակցության հարցը ՀՀ-ի համար պետք է քննարկման առարկա դառնա․ Փաշինյան

Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է ԵՄ և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևը։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բոլոր խմբակցությունների աջակցությունն է ստացել այս փաստաթուղթը։

«Բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, նաև աջակցություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին։ Այս բանաձևով Եվրոպական խորհրդարանն արձանագրել է ՀՀ ձեռքբերումները՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի համար»,- նշեց Փաշինյանը։

Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, որքան ԵՄ-ն մոտ կընդունի Հայաստանին։ «ԵՄ անդամակցության հարցը ՀՀ-ի համար պետք է քննարկման առարկա դառնա։ Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական ուժերը վերաբերմունք կարտահայտեն այս ուղերձին, քանի որ այս ուղերձը լայն արձագանքի կարիք ունի»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։