Մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի ազատ ու երջանիկ Հայաստան ունենալու ճանապարհը․ Փաշինյանի ուղերձը

Մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի ազատ ու երջանիկ Հայաստան ունենալու ճանապարհը․ Փաշինյանի ուղերձը

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք նշում ենք Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը:

Այդ հաղթանակով առաջադեմ մարդկությունը ոչ ասաց քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին:

Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան: Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման:

Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև պատերազմի արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա պայքարում:

Բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ մի բացառիկ արարողություն, երբ Ֆրանսիական ընդհատակյա դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում: Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը և նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն:

Նա, ինչպես նաև դաշնակիցների բանակներում ծառայող հայերը կռվում էին մարդկության ազատության համար, և այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է:

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը:

Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին: Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: