Մենք շահագրգռված ենք տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ․ Միրզոյան
ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը երեք որոշում է ընդունել նախորդ տարի՝ պահանջելով Ադրբեջանից, որ բացի Լաչինի միջանցքը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա իրենց աշխատանքն ու մեր երկրի շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային արձագանքը։
Նրա խոսքով՝ միայն ՄԱԿ-ով չի սահմանափակվում տեղի ունեցածը, ԵԽԽՎ-ն ևս բանաձևեր է ընդունել ստեղծված վիճակի վերաբերյալ՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։
«ԵԽ-ն էլ է բանաձև ընդունել՝ կրկին նման բովանդակությամբ։ Տասնյակ երկրներ հայտարարություններ են արել։ Տեղահանությունից հետո էլ մեր ջանքերն ուղղվեցին բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար միջազգային կոնսոլիդացիային»,- նշեց Միրզոյանը։
Ըստ նրա՝ միջազգային հանրությունն էական աջակցություն է ցուցաբերել, գումար է ուղարկվել։
«Այս պահի դրությամբ՝ այդ ժամանակ խոստացված գումարն ամբողջությամբ չի հավաքվել, բայց մանրամասներին փոխվարչապետի գրասենյակն է տիրապետում»,- նկատեց նա։
Միրզոյանը նշեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը նախորդ տարի առանցքային ճյուղերից մեկն է եղել։ «Մենք առաջնորդվել ու առաջնորդվում ենք այն հիմնական սկզբունքներով, որոնք բազմիցս ներկայացրել ենք»,- ասաց նա։
Միրզոյանը շեշտեց, որ մենք շահագրգռված ենք տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ «Բայց մեր ինքնիշխանությունը որևէ կերպ չպիտի սահմանափակվի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։