Նիկոլ Փաշինյանինը ոչ թե խաչն է, այլ կիսալուսինը․ Աղվան Վարդանյան

Կարծում եմ մեր հանրության զգալի մասն արդեն արթուն է, արդեն գիտակցում է այս ընթացքի կործանարար լինելը։ Այս մասին այսօր «Ազատության» հրապարակում «Հայրենիք» կուսակցության նախաձեռնած հավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Սա դեռ սկիզբն է, կարծում եմ, առաջիկա օրերին բազմաթիվ նման սկիզբներ կլինեն և սա վկայում է նաև պարոն Վանեցյանի մարդկային որակների, ազգային, պետական մտածողություն ունենալու մասին, դա մեկ անգամ ևս հաստատում է, որ երբ նա հրաժարական տվեց, դուրս եկավ այս իշխանությունից, իսկապես տեսնում և պատկերացնում էր, թե սրանք ուր են տանելու մեր երկիրը։ Այսօրվա իր քայլը պետք է օրինակ լինի շատ շատերի համար»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ երբեք ուշ չէ պայքարել հայրենիքի փրկության համար․

«Չափազանց վտանգավոր հանգրվանում ենք և մեծ դժվարություններ են սպասվում ապագա իշխանություններին, սակայն վստահ եմ, որ այդ իշխանությունները լինելու են պետական պտածողություն ունեցող»։ MediaHub-ի լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ, Աղվան Վարդանյանն ընդգծեց․ «Վաղուց ես գնահատականներ չեմ տալիս այդ մարդու ասածներին, միայն մի բան կարող եմ ասել, որը փաստված է նրա վերջին տարիների գործունեությամբ․ նրանը ոչ թե խաչն է, այլ կիսալուսինը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 18-ին, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն «Ազատության հրապարակից կոչով դիմեց հայությանը, որ բոլոր նրանք, ովքեր մտահոգված են ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար, միանան հավաքին և սատար կանգնեն մեր հայրենիքի պաշտպանության գործում։