Երբ իշխանությունը խաղում է երկրի անվտանգության հետ

Եթե Հայաստանում լուրջ փոփոխություններ լինեն դիսկուրսի վերաբերյալ, եթե իշխանության դիրքորոշումը ամբողջությամբ փոխվեց, ապա ՀՀ դե ֆակտո իշխանությունները կարող են նաև պահանջել ռուսական կողմից լքել ՀՀ տարածքը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով վերջին զարգացումները երկրի արտաքին քաղաքական ֆրոնտում:
«Լեզվակռիվները և հայկական կողմի անհեթեթ պատճառաբանությունները զորավարժությունների վերաբերյալ կարող են անվերջ լինել, բայց այս պարագայում չենք կարող բացառել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունները կսկսեն ներկայացնել իրավիճակը որպես օկուպացիայի փորձ՝ այն տեսանկյունից, որ ՀՀ իշխանություններն ուզում են, որ Ռուսաստանը լքի տարածքը, սակայն չի լքում: Մանավանդ, հաշվի առնելով, որ հանրային կարծիքը արդեն պատրաստում են այդ ուղղությամբ և զգալի մասով արդեն դա արել են։ Չեմ կարող բացառել նաև, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունները կպահանջեն Ռուսաստանից Գյումրու իրենց ռազմաբազայի դուրսբերումը… իհարկե այդ ամենը դեռ նախանշված չէ, բայց կարող է շատ արագ տեղի ունենալ»,- ասաց քաղաքագետը:
Միքայելյանը, շարունակելով իր խոսքն ասաց, որ Ադրբեջանը կարող է հարձակվել ՀՀ տարածքի վրա: Նա հիշեցրեց, որ ՌԴ ԱԳ նախարարը իր վերջին հայտարարություններում սկսել է անտեսել նոյեմբերի 9-ի հայտարարությունը և այդ պարագայում Ռուսաստանը կարող է համարել, որ, եթե հայկական կողմը փոխում է հարաբերությունների բնույթը, հիմնովին վերանայում է հարաբերությունները, ուրեմն ՌԴ-ն պարտավորություններ այլևս չունի։ Մեծ հաշվով ՝ Ռուսաստանի դիրքորոշումը վերջին 2-3 տարվա ընթացքում ադպիսին է Հայաստանի նկատմամբ ՀՀ դե ֆակտո իշխանությունների պատճառով, շեշտեց Միքայելյանը:
«ՀՀ իշխանությունները ստեղծում են տեղեկատվական ֆոն, որտեղ Ռուսաստանին մեղադրում են ամեն հնարավոր բանի մեջ, իսկ հանրությունն իր անվտանգության հարցերով փոխանակ պահանջներ ներկայացնի սեփական իշխանություններին, ներկայացնում է դրանք Ռուսաստանին։ Այդ տեղեկատվական ֆոնը ստեղծելով ևս իշխանությունները ցանկանում են ողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա»,-շեշտեց նա։
Հայ-ամերիկյան զորավարժությունները, շարունակեց մեր զրուցակիցը, Ուկրաինային հումանիտար բեռ ուղարկելը նույնպես հակառուսական տրամադրություններ ստեղծելու քաղաքականության էլեմենտներ են։ Մոսկվայում, ըստ Միքայելյանի, արդեն կան լուրջ մտահոգություններ և գուցե խոսքերի մակարդակից Ռուսաստանն անցնի ավելի կոշտ արձագանքի ՀՀ իշխանությունների կողմից արվող սադրանքներին։
«Ցավոք, Ռուսաստանի արձագանքը վատ ազդեցություն է ունենալու ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ ժողովրդի և երկրի համար։ Հայ-ռուսական քաղաքական խաղը, որ տարվում է այսօր ուշացած է և լավ հաշվարկված չէ։ Եթե այս իշխանությունները որևէ պատասխանատվություն ունենային երկրի համար, ապա այլ կերպ կվարվեին: Այս քաղաքականությամբ նրանք խաղում են երկրի անվտանգության հետ և այդ բոլոր քայլերից հետո, եթե Ռուսաստանը համարի, որ Հայաստանի հետ հարաբերությունները խզվել են, ապա նաև կարող է սկսել աջակցել Ադրբեջանին, իսկ այդ պարագայում Հայաստանը 5 րոպե անգամ չի դիմանա»,- եզրափակեց Միքայելյանը։
Մարիա Զարգարյան