Սպանել են, դիակը խոշտանգել, անտառում ծածկել հողով․ ադրբեջանական ձեռագիրը՝ սեպտեմբերյան մարտերին

Սպանել են, դիակը խոշտանգել, անտառում ծածկել հողով․ ադրբեջանական ձեռագիրը՝ սեպտեմբերյան մարտերին

2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում, հայկական կողմը նաև քաղաքացիական անձանց շրջանում ունեցավ զոհեր ու վիրավորներ։ 

MediaHub-ը շարունակում է վավերագրել արցախցիների պատմությունը, ներկայացնելով իրողությունն այնպես, ինչպես եղել է։ Խաղաղ բնակիչների շրջանում սպանվածներից մեկը Ներքին Սզնեք գյուղի բնակիչ Արտյուշա Միքայելյանն է։ 

Ըստ Սզնեքի գյուղապետ Էդվարդ Մուսայելյանի, իր հայրը՝ Ռոբերտ Մուսայելյանը և համագյուղացի Շուրա Մանասյանն առայժմ գտնվում են անհայտության մեջ։ Սեպտեմբերի 20-ի հրադադարից հետո սկսված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, փոխարենը Սզնեք-Խաչմաչ գյուղերի միջանկյալ անտառային հատվածում հայտնաբերվել է սզնեքցի Արտյուշա Միքայելյանի դին։ 

«Սկզբում ասացին մահացել է, հետո պարզվեց, որ կտրող-ծակող գործիքներով նրան սպանել են, խոշտանգել»,-ասաց Մուսայելյանը։ Արտյուշայի դուստրը՝ Աստղիկ Միքայելյանն ասաց, որ պատերազմի առաջին օրը, երբ իրավիճակն ավելի էր սրվում, համայնքի ղեկավարը հրահանգել է տղամարդկանց պահուստային ֆոնդում պահվող վառելիքով տարհանել բնակիչներին։

«Մի քանի անգամ պիտի մեքենան գնար ու գար։ Այնպես է ստացվել, որ իմ հարազատները գյուղում են մնացել, այդ թվում և հայրս։ Նրանք ոտքով դուրս են եկել գյուղից, անտառներով, դաշտերով անցել մեծ դժվարությամբ, հասել Խաչմաչ։ Ճանապարհին մեր համագյուղացիներից մեկը կանգնեցրել է մեքենան, մայրս ու զոհված եղբորս կինը մեքենայով շարժվել են առաջ Կարմիր գյուղ, այնտեղից՝ Քռասնի գյուղով՝ Ստեփանակերտ։ Տղամարդիկ մնացել են, որ իրար օգնելով դուրս գան»,-հիշեց Աստղիկ Միքայելյանը։ 

Այդ օրերին Խաչմաչ գյուղը ևս անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իրավիճակն այնքան խառն է եղել, որ մարդիկ չեն իմացել՝ ինչ է կատարվում։ Այնուամենայնիվ, 6 սզնեքցիներով մնացել են Խաչմաչի ավտոտնակներից մեկում, մինչև լույսը կբացվեր ու օգնության կհասնեին, որն այդպես էլ չեղավ։ Առավոտյան մարդիկ դուրս են եկել, որ ոտքով առաջ գնան, տեսել են ծառի ճյուղերով ու ցախերով ճանապարհը փակ։ 

«Այստեղ հասկացել են, որ ադրբեջանցիներն են արել։ Հայրս ասել է՝ ես անտառային ճանապարհով ձեզ կուղեկցեմ։ Երբ քայլել են երկար, գյուղապետի հայրը՝ Ռոբերտ Մուսայելյանը և համագյուղացի Շուրա Մանասյանը, տարիքից ելնելով, առաջ չեն կարողացել շարժվեն։ Նստել են, հորդորել, որ մյուսները գնան»,-մանրամասնեց Աստղիկ Միքայելյանը։

Ըստ մեր զրուցակցի, անտառում մնացած 4 հոգին ևս իրար կորցրել են, բաժանվել են իրարից։

«Հորս դիակը հայտնաբերվել է սեպտեմբերի 27-ին՝ Խաչմաչ-Կարմիր գյուղ համայնքների անտառային հատվածում, սպանել ու հողով ծածկել են։ Ի դեպ, հորս տեղն ասել են հենց ադրբեջանցի ծառայողները, քանդել ու հանել են փրկարարները։ Այդ կոորդինատներով էլ հանել ու տեղափոխել են նախ Ստեփանակերտի, ապա Երևանի դատաբժշկական փորձաքննության բյուրո»։ 

Արտյուշա Միքայելյանի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են խոշտանգման հետքեր՝ գլխի շրջանում։ Դատական փորձաքննությամբ հաստատվել է, որ Արտյուշա Միքայելյանը մահացել է գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարման պատճառով։ Սա է վայրագ ու հայատյաց ադրբեջանցու իրական ձեռագիրը, որը հստակ ապացույց է՝ խաղաղ հարևանությունը նրանց հետ անհնար է ...

 

Հունան Թադևոսյան