Ռուսական կողմը պետք է ներգրավվի այդ երկխոսությանը. Դավիթ Բաբայան

Մենք երբևէ դեմ չենք եղել բանակցություններին, հակառակը՝ ասել ենք, որ սա անհրաժեշտություն է, պարզապես ձևաչափի և փիլիսոփայության հարց կա։ Եթե Ադրբեջանի դիտարկմամբ այն լինելու է ինտեգրման օրակարգով, այսինքն գաղութացման, ուրեմն մեզ համար սա չի կարող ընդունվել։ Տարբեր հարցեր կան, բայց Ադրբեջանի կողմից որևէ պատրաստակամություն չկա այս ուղղությամբ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հայտարարել էր, որ Արցախն ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի հետ երկխոսությամբ, սակայն դա պետք է որոշ չափանիշների համապատասխանի։ Նրա խոսքով՝ ճնշումների տակ բանակցությունը չի կարելի համարել բանակցություն կամ երկխոսություն։
Հիշեցնենք նաև, որ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել եւ ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսելու։
«Ինտեգրում, որպես այդպիսին, գոյություն չունի, կա գաղութացում, որի ճանապարհով էլ ուզում է գնալ Ադրբեջանը։Ողբերգությունն այն է, որ հայ հասարակության մի մասն էլ է ինտեգրմանը նորմալ վերաբերվում։ Ադրբեջանը չի ընդունում հավասարը հավասարի հետ ձևաչափը, մենք առաջարկում ենք, ինքը մերժում է»,-նշեց Բաբայանը։
Դիտարկմանը, որ եղան նաև քննարկումներ, թե Հարությունյանն ասել է՝ ՌԴ-ի միջնորդությամբ պետք է լինի երկխոսությունը, վերջինս արձագանքեց․
«Ռուսական կողմը պետք է ներգրավվի այդ երկխոսությանը, քանի որ ինքը նաև երաշխավոր է խաղաղության և կայունության։ Իհարկե, եթե չլինեին ՌԴ խաղաղապահները, չէր լինի Արցախը, բայց սա չի նշանակում, որ թերություններ, թերացումներ չկա։ Այն, որ Ադրբեջանը օկուպացրել է Բերձորի միջանցքը, սա լուրջ հարց է, որ ՌԴ-ի հետ պետք է քննարկվի։ Բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է Արցախը փրկենք, ոչ թե ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Իրանին, Ֆրանսիային կամ այլ մեկին թշնամի համարենք։ Մենք պետք է բոլորի հետ անկեղծ խոսենք, որ ասենք, թե որտեղ, ինչ խնդիր կա։ Մենք պետք է պահենք մեր սկզբունքայնությունը, մենք որևէ մեկի ստրուկը չենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան և հարցին՝ արդյո՞ք պետք է հանդիպում սպասել Խովաևի և ԱՀ ԱԳՆ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ, որը, հիշեցնենք, Երևանում է, Բաբայանը պատասխանեց, որ հարցի հասցեատերը Ղազարյանն է, սակայն նման հանդիպումը միանշանակ դրական կգնահատվի։
«Ժամանակը ցույց կտա»,-շեշտեց Բաբայանը։
Լիաննա Թորոսյան