Դպրոցականների զանգվածային թունավորման ալիք է սկսվել

Դպրոցականների զանգվածային թունավորման ալիք է սկսվել

Իրանցի դպրոցականների թունավորումների շարքը, որը սկսվել էր 2022 թվականի աշնանը, վերսկսվել է ամանորյա արձակուրդների ավարտից հետո առաջին ուսումնական օրերին, հայտնում է Khabar Online-ը։ Իրանական օրացույցով 1402 թվականի նոր տարին սկսվել է 2023 թվականի մարտի 21-ին։ Նշվում է, որ հանրապետության հյուսիս-արևմուտքում արձանագրվել է թունավորման առնվազն 25 դեպք, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Կրթության նախարարության աղբյուրը երկուշաբթի հաստատել է Մոհամադյար շրջանում (Արևմտյան Ադրբեջանի նահանգում. խմբ.) 5 աշակերտուհիների թունավորման մասին տեղեկությունը: Երեքշաբթի Բաղմիշե շրջանում (Արևելյան Ադրբեջանի նահանգում Թավրիզի պատմական շրջան. խմբ.) մի շարք աշակերտուհիների մոտ շնչահեղձության մասին հաղորդագրություն ստանալուց հետո այնտեղ շտապօգնության բրիգադ է մեկնել: Ախտանիշները զգացել են 15-ամյա քսան աշակերտուհիներ... Նրանց տեղափոխել են հիվանդանոց», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ աշակերտուհիները այրված ռետինի հոտ են զգացել, ինչից հետո սրտխառնոց, գլխացավ և որովայնի ցավեր են սկսվել։

Գործակալության տվյալներով՝ Արևելյան Ադրբեջանի նահանգում աշակերտներին բուժօգնություն է ցուցաբերվել, այժմ նրանց վիճակը գնահատվում է կայուն:

2022 թվականի նոյեմբերից Իրանի 25 նահանգում գրանցվել է 230 դպրոցների երեխաների թունավորման ավելի քան 5 հազար դեպք։ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները թունավորումների այս շարքը կապում են վերջին անկարգությունների հետ, որոնք երկրում առաջացել են 2022 թվականի սեպտեմբերի կեսերին, երբ բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո երիտասարդ իրանցի աղջիկը` Մահսա Ամինին, մահացել էր։