Արցախի հայության էթնիկ զտումը և պատմության ու մշակույթի խեղաթյուրումը

Արցախի հայության էթնիկ զտումը և պատմության ու մշակույթի խեղաթյուրումը

Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման, պատմության և մշակույթի հանրայնացման և փախստականության իրավունքների խնդրի շուրջ այսօր տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում, որը կազմակերպել էր «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն»-ը։ Քննարկմանը մասնակցում էին միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Գոռ Պողոսյանը, «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբաններ պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, պ.գ.թ․ Արտակ Մաղալյանը, բ.գ.թ. Հասմիկ Կիրակոսյանը և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին՝ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահը նշեց, որ արցախահայության իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ օրախնդիր։ Ըստ Գրիգորյանի՝ Արցախի հոգևոր և մշակութային միջավայրի փրկության միակ հիմնավոր երաշխիքն արցախահայության վերադարձն է։ Բարձրաձայնելով Արցախի ժողովրդի իրավունքի հարցը՝ Անդրանիկ Գրիգորյանը նշեց, որ անհրաժեշտ է՝ միջազգային համայնքը հստակ դիրքորոշում արտահայտի և քայլեր ձեռնարկի՝ ապահովելու արցախահայության արժանապատիվ և ապահով վերադարձն իրենց բնակավայրեր՝ միջազգային իրավունքների հովանու ներքո։

«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը, կարևորելով կլոր-սեղան քննարկման ձևաչափը, քննարկվող հարցերի առաջնահերթությունն ու կարևորությունը, արձանագրեց, որ գործադրված բոլոր մեխանիզմներն ու միջոցներն այսօր չեն արդարացնում իրենց․ «Ադրբեջանը բավական լայն թափով և՛ յուրացման, և՛ ոչնչացման քաղաքականություն է վարում, որի մասին մենք բարձրաձայնում ենք տարբեր հարթակներում։ Պետք է արձանագրենք մի փաստ․ հարևան պետությունն այսօր կարողանում է եվրոպական գիտաժողովների շրջանակներում, հանդեսների, հրապարակումների միջոցով սեփական թեզն առաջ տանել»։ Վերլուծաբանը նշեց, որ ի հակադրումն այս ամենի՝ հարկավոր են նոր մեխանիզմներ մշակել, գործել հանուն հայապահպանության ու հոգևոր-մշակութային արժեքների պահպանման։

Խոսելով վերջին տասնամյակներում Ադրբեջանի պետական քաղաքականության մասին՝ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Հասմիկ Կիրակոսյանը շեշտեց, որ Ադրբեջանը հատուկ ուշադրություն է դարձնում պատմության ու մշակութային ժառանգության նպատակաուղղված վերաշարադրմանը։ «Տարածաշրջանային և միջազգային հարթակներում որդեգրված պատմաքաղաքական զեղծարարության և բազմաշերտ ապատեղեկատվության ռազմավարությունը նպատակ ունի կեղծ նարատիվների միջոցով վերաիմաստավորել տարածաշրջանի պատմությունը՝ զրկելով հայ ժողովրդին իր պատմական իրավունքներից, ժառանգությունից և ինքնությունից»,-նշեց վերլուծաբանը։ Կիրակոսյանն առաջարկում է մեթոդաբանական մոտեցումներ ու լուծումներ, ինչպիսիք են՝ ակադեմիական և փաստահեն արձագանքման մեխանիզմների ձևավորումը, մեդիառազմավարության ներդրումը, սփյուռքի ներուժի համակենտրոնացումը, ակադեմիական մոնիթորինգը։

«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Արտակ Մաղալյանը նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել հայագիտական ցանց՝ նմանատիպ հարցերը քննարկելու նաև հայկական հանրույթից դուրս՝ միջազգային գիտական միջավայրում։ Ավելին՝ հարկավոր է մոնիթորինգ անել՝ ճշտելու ադրբեջանական կողմից կեղծվող թեմաների շրջանակը, կազմակերպել թեմատիկ աշխատաժողովներ, որոնք կմերկացնեն նմանատիպ կեղծարարությունները։

Քննարկման ավարտին մասնակիցներն առաջարկություններ ներկայացրին կազմակերպիչներին, որոշվեց նման քննարկումները կազմակերպել պարբերաբար՝ հակազդելու ադրբեջանական բազմաշերտ ապատեղեկատվությանը։