«Սաղ սուրբ են խաղում, մեջներից սրիկան մե՞նք ենք». ինչպե՞ս են «ետողորմյա» արել ՊԵԿ-ի թաղած հավի միսը
Այսօր ՊԵԿ-ը տեսանյութ տարածեց, որտեղ պատմում է, թե ինչպես են իրենք Սննդի անվտանգության տեսչական մարմնի եզրակացության հիման վրա մասնակցել «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ կողմից 13.5 տոննա ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը՝ թաղման եղանակով։ Սակայն նույն օրը, ըստ ՊԵԿ-ի, այդ ընկերության ներկայացուցիչները այցելել են ոչնչացման վայր, քանդել հողն ու հողի տակից հանելով թաղված հավի միսը՝ տեղափոխել «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության պահեստ։
Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 30-ին՝ Կոտայքի մարզի Ակունք համայնքում։
MediaHub-ը պարզեց, որ «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ն պատկանում է Աբովյանում հայտնի գործարար Մարտիկ (Արթուր) Անդրասյանին՝ «Օրիգինալի Արթուրին», որը հավի ու տավարի մսի խոշոր ներկրող է, Աբովյանում և հարակից համայնքներում ունի խոշոր սուպերմարկետներ, ռեստորաններ և ոչ միայն։ Ասում էին, որ նա նաև մտերիմ հարաբերություններ ունի Կոտայքի նախկին մարզպետ, ՊՎԾ գործող ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հետ, որը մինչև իշխանափոխությունը աշխատել է «Արմեն-Համիկ եղբայարներ» ընկերությունում, իսկ որդին էլ ՔՊ ցուցակով մասնակցել է Աբովյան համայնքի ավագանու ընտրություններին։
MediaHub-ը կապ հաստատեց Մարտիկ Անդրասյանի հետ, որին շրջապատում ավելի շատ Արթուր անունով են դիմում և հարցրեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՊԵԿ-ի տարածած տեսանյութն ու հաղորդագրությունը, ինչո՞ւ են իրենք ՊԵԿ-ի կողմից ոչնչացված հավի միսը նորից գնացել հանել հողի տակից և տեղափոխել պահեստ։
Արթուր Անդրասյանը երկար-բարակ պատմություն պատմեց, բացատրեց, որ նախ ինքը դիմել է Նիկոլ Փաշինյանին, որ վերանայեն ԵԱՏՄ ստանդարտները, որոնց պատճառով իրենք չեն կարողանում թռնչամիս ներկրել և իբրև թե այդ ոչ էական ստանդարտների պատճառով է ՍԱՏՄ-ն Բրազիլիայից ներկրած իրենց սառեցված հավի միսը համարում վնասակար և ոչ պիտանի։ Ապա նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել ոչնչացված հավի մսի վերադարձը պահեստ։ Նրա՝ բավականին խուճուճ պատմությունից այն հասկացանք, որ Անդրասյանը մեղքը բարդում է թռչնամիսն աղբավայր հասցրած «Զիլ» բեռնատարի վարորդի վրա, որին ինքը հետո նաև նախատել է ու «մի երկու հատ էլ խփել», ապա դիմել է ոստիկանություն այդ վարորդի դեմ, որովհետև վերջինս ամբողջությամբ միսը աղբավայրում դատարկելու փոխարեն մի մասը պահել է իրեն, որ «տանի շներին կերակրի»։
Այսինքն, ըստ նրա խուճուճ բացատրության, իրենք չեն գնացել փորել և միսը հանել «գերեզմանից» ու բերել պահեստ, այլ բեռնատարի վարորդն է մի մասը իրեն պահել, հետո ասել են՝ «կբերես պահեստ, որ նորից տանեն ոչնչացման»։ Նա նաև նեղսրտած հայտնեց, որ ինքը այլևս Հայաստան սառեցված հավի միս չի ներկրելու, որովհետև իր հետ այսպես են վարվում, և որ ՊԵԿ-ը շոու է արել։
«Մենք խոշոր ներկրող ենք թռչնամսի, բայց ես դադարեցրել եմ ընդհանրապես սառեցված ապրանք ներկրելը, թող իրենք ներկրեն, բայց դուք երկու-երեք ամիս հետո կտեսնեք՝ թռչնի մսի գները ինչ են դառնալու։ Ես էսօր երեք կանտեյնռ տավարի միս ունեմ, որին սառնարան չեն տրամադրում, որ դատարկեմ սառնարան, նմուշառում են արել, մեքենաները կանգնած՝ օրական 300-1000 դոլար պետք է շտռաֆ տանք վարորդներին, ու մեքենաները կանգնած՝ փչանում է ապրանքը»,- ասաց մեր զրուցակիցը։
Երբ նկատեցինք, որ ինքը ՔՊ-ի հետ լավ հարաբերություններ ունի, Ռոմանոս Պետրոսյանի հետ էլ մտերիմ է, ինչո՞ւ չի կարողացել իր հարցը լուծել, Անդրասյանն ասաց․ «Ուրեմն ես ոչ մեկի հետ էլ մտերիմ չեմ, եթե ես Ռոմանոս Պետրոսյանի հետ մտերիմ լինեի, ուրեմն էդ հարցը․․․ ես ոչ մեկի հետ էլ մտերիմ չեմ, Ռոմանոսը նախկինում՝ 10-15 տարի առաջ, իմ մոտ բաժնի պետ ա աշխատել, թող մեկը մեկի հետ չկապեն»։
Նրա փաստաբան Բաբկեն Դավթյանը ևս պարզաբանելով իրավիճակը՝ նկատեց, թե ոչնչացված ապրանքը հետ չի եկել իրենց պահեստ, այլ բեռնատարի վարորդի կողմից ենթադրաբար գողացված ապրանքն է հետ եկել։
«Ես սենց ասեմ, էլի, էս երկրում սաղ սուրբ են խաղում, չգիտես ինչի՝ մեջներից սրիկան մենք պիտի լինենք։ Կարող ա 15 տոննա ապրանք ա ոչնչացվել, հետ ա եկել 1650 կիլոգրա՞մը։ Նման գործողություն կատարելիս հենա սաղ հետ կբերեին, էլի»,- նկատեց փաստաբանը։
Մանրամասները՝ այստեղ
Վահե Մակարյան