Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Daewoo»-ն

Երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրից դեպի Արգել գյուղի ամառանոցներ տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել ենն22-ամյա Կարինե Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի և 53-ամյա Արա Գ.-ի վարած «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Daewoo»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Daewoo»-ի գազաբալոնը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։