«Մտքի ուժը»՝ Երևանում․ Team Telecom-ն ու գործընկերները կհամախմբեն IT ու բիզնես համայնքները
Թվային աշխարհի առաջատար Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, WCIT-ի ղեկավար Հայկ Կարապետյանն ու DigiTec-ի ղեկավար Սարգիս Կարապետյանը սեպտեմբերի 14-ին հուշագիր ստորագրեցին, որով ևս մեկ անգամ ընդգծում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը, ու սա էլ հերթական քայլն է՝ ուղղված Հայաստանում մրցունակ և հարմարավետ բիզնես միջավայրի ձևավորմանը։
Այս թիմի ստորագրած հուշագրի շնորհիվ Երևանը հոկտեմբերի 4-7-ը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների և մասնագետների հիմնական հավաքատեղին։
WCIT2024-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է լինելու, իսկ DigiTec ցուցահանդեսը՝ «Մերիդիան էքսպո» կենտրոնում։ Ցուցահանդեսն այս տարի ունի հետևյալ խորագիրը՝ «Մտքի ուժը․ Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում»։
Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշում է՝ լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին՝ իրենք խրախուսում են երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունեն նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը։
Այս միջոցառումն իր շուրջն է համախմբում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ու բիզնես համայնքները՝ ամբողջ աշխարհից։
Բացի բիզնես համայնքի ներկայացուցիչներից, ներդրողներից ու տեղեկատվական հզոր ընկերություններից, միջոցառումը Հայաստան կբերի նաև 15-ից ավելի հեղինակավոր լրատվամիջոցների, որոնց շնորհիվ Հայաստանն այդ օրերին կլինի աշխարհի ուշադրության կենտրոնում։
DigiTec ցուցահանդեսին այս տարի կրկին ներկայանալու է Team ընկերությունների խումբը, որում ներառված ընկերություններին միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պորֆեսիոնալիզմը, ինչպես նաև երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը։
Նարե Գնունի