Մարությանը կմասնակցի՞ ընտրություններին, Ովքեր են կողմ Ադրբեջանի առաջարկին․ Մամուլը՝ սուրճով

Մարությանը կմասնակցի՞ ընտրություններին, Ովքեր են կողմ Ադրբեջանի առաջարկին․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Քաղաքապետարանի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Տիգրան Ավինյանին հաջողվում է իր մտերիմներին գրել ավագանու ցուցակում, չնայած Փաշինյանը նեղ շրջանակում ասել էր, որ ցուցակն  ինքն է կազմելու։ Առաջին հնգյակում «դրսից» միայն Արմեն Փամբուխչյանն է, մնացածն ավագանու ներկայիս անդամներն են: Հաջորդ հնգյակում լինելու են փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանը, Ստեփան Մաչյանը։ Կանանց հարցն է բարդ` ամեն երրորդը, ըստ օրենքի, պետք է կին լինի։

Տեղեկացանք, որ քննարկվել է ամիսներ առաջ կալանավորված, ապա ազատ արձակված փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հարցը, ում Ավինյանը նախապես իր ցուցակի հնգյակում էր ուզում գրել, որոշվել է չգրել նրա անունը, որ ավելորդ կրքեր չբորբոքվեն։ Ինչ վերաբերում է Ավինյանի մարդկանց, Փաշինյանի շրջապատից ասացին, որ նրանց կգրեն ցուցակում, բայց ընտրություններից հետո շատերը կգործուղվեն վարչական շրջաններ՝ թաղապետ, փոխթաղապետ կնշանակվեն: Իսկ ավագանի կգան ցուցակի հետին հորիզոնականներում գտնվողները, որոնք լինելու են Փաշինյանի մարդիկ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ՀՀ նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով եւ իր տեսածն ու լսածը հայտնել քննիչ հանձնաժողովին։

Բանն այն է, որ քաղաքական իշխանությունները բացատրել են դատարանին, որ քննիչ հանձնաժողովում քննվում է պետության համար կարեւորագույն հարց, ու թեեւ նախադեպ չկա, ամեն դեպքում, Դավիթ Տոնոյանի ցանկացած խոսքը կարող է լինել նոր քննության առարկա, եւ նրա ներկայանալը հանձնաժողով խիստ անհրաժեշտ է։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը հայտնվել է բարդ իրավիճակում: Դատավորները քննարկում են այն իրավիճակը, որ չկա որեւէ ընթացակարգ, որը հիմք ընդունելով՝ դատարանը թույլ տա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից հանել եւ տանել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու:

«Ավելին` դատական համակարգում առաջ են քաշել այն հարցը, որ սովորաբար կալանավորին թույլ են տալիս դուրս գալ բանտից, երբ հարազատ մարդ է մահանում, կամ որեւէ քրեական գործով կալանավորին կանչում են հարցաքննության, քրեական վարույթով հույժ կարեւոր ցուցմունք տալու»։

Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որ Դավիթ Տոնոյանը միջնորդել է թույլ տալ իրեն մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, որի մասով չկա որեւէ ընթացակարգ, ուստի դատական համակարգը չգիտի, թե ինչպես այս հարցին մոտենալ:

Եւ, ահա, հրահանգով որոշվել է Տոնոյանին թույլատրել ներկայանալ խորհրդարան:

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է, խանութները գրեթե դափ-դատարկ են, առաջին անհրաժեշտության մթերքները սահմանափակ քանակով են մարդկանց հասանելի։ Արցախից մեզ պատմեցին, որ թերսնման հետեւանքով ուշագնացության դեպքերը շատացել են: Միայն վերջին հանրահավաքի ժամանակ 3-4 երիտասարդ կին է ուշագնաց եղել, որոնցից մեկը՝ հղի: Շտապօգնության բժիշկներն ախտորոշել են, որ երիտասարդ կանանց ուշագնացության պատճառը թերսնվածությունն է: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, վատացածներից մեկը հենց նրա կողքին է եղել։

Եվ չնայած այս ծանր վիճակին, Ադրբեջանի մեկնած «մարդասիրական ձեռքը»՝ Աղդամով առեւտուր անելու առաջարկը, բոլոր արցախցիների համար մերժելի է, եւ սրանով էր պայմանավորված բետոնապատնեշով Աղդամ տանող ճանապարհը փակելու ակցիան։ Բայց Արցախում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են իշխանություններին համոզել, որ ընդունեն այդ առաջարկը, որ բնակչությունը սովամահ չլինի, չհուսահատվի եւ հետագայում չլքի Արցախը: Այսինքն` Արցախի ինտեգրումն Ադրբեջանին համարում են նվազ վտանգավոր, քան այս իրավիճակը: Այդ ուժերի առաջամարտիկը Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքն» է։

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Երեւանի ընտրություններին քիչ ժամանակ է մնում, մինչդեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ թիմակիցների, դեռ վերջնական որոշում չունի` առաջադրվել, թե ոչ։ Հստակ չէ նաեւ, թե որ կուսակցության կողմից է առաջադրվելու, իսկ նորը հիմնադրելու ժամանակ արդեն չկա։ Ընտրությանը մնացել է 2 ամիս, գրեթե բոլոր թեկնածուների մասին կա տեղեկատվություն, իսկ Մարությանը շարունակում է մոնոներկայացումները։ Ի դեպ, ասում են, որ վերջին ներկայացումների տոմսերը ոչ թե վաճառվել են, այլ հիմնականում բաժանել է, որ դահլիճը կիսադատարկ չլինի։

Մյուս կողմից, փակված չեն նաեւ տարբեր չարաշահումների առիթով հարուցված քրգործերը։ Իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել անգամ Չեխիայում Մարությանի բարեկամների, այդ թվում` կնոջ եւ հարազատների հաշիվներին փոխանցված գումարների վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները։ Եվ նա, ըստ ամենայնի, չի ցանկանա դառնալ իշխող կուսակցության թշնամին` այս նախաքննության ֆոնին։ Մանավանդ որ գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Տիգրան Ավինյանը թեկնածուների մեջ առաջատարն է, ինչը Մարությանին մտածելու տեղիք է տվել, որովհետեւ գիտակցում է, որ 50+1 տոկոս հավաքելու եւ քաղաքապետ ընտրվելու հավանականությունը բացառված է։ Հետեւապես, մեծ ռեսուրսներ եւ ջանք թափել՝ Երեւանի ավագանիում մի քանի հոգանոց խմբակցություն ունենալու համար, անիմաստ է։

Ավելին, Մարությանին չի հաջողվել համոզել երկրում գործող որոշ հայտնի կուսակցություններին` առաջադրելու իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ նա ստիպված է լինելու առաջիկա 1-2 շաբաթվա մեջ հավաքել թիմ, մտնել մարդ-կուսակցություններից մեկը, կազմել ցուցակ։ Մինչդեռ մյուս մասնակիցները վաղուց հստակեցրել են այդ հարցերը եւ մտել քարոզչական փուլ։ Այնպես որ, Մարությանի առաջադրման հարցը դեռ հարցականի տակ է։