Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել, Ֆինանսների նախարարության թանկարժեք «հիգիենան»․ Մամուլը՝ սուրճով

Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել, Ֆինանսների նախարարության թանկարժեք «հիգիենան»․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 31-ին Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպին քրեաիրավական գնահատական տալու: «Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ ահա, այս գրությունից մի քանի օր հետո իրավապահները հայտնաբերեցին այն կատարողին: Վերջինս 1978 թվականին ծնված Սամվել Շիրինյանն է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ նրան գտել էին Բագրատաշենի անցակետից. նա ուզում էր դիմել փախուստի:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել էր Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել էր ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, բացի հրապարակված փաստաթղթերից ու հայտարարություններից, ձեռք են բերել նաև այլ՝ այսպես կոչված՝ «ներքին» պարտավորություններ։ Դեռ որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է պաշտոններից հեռացնել բոլոր այն անձանց, որոնք սերտ կապեր են ունեցել և ունեն Ռուսաստանի հետ։ Եվ ահա, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այս թեմայի հետ կապված նոր զարգացումներ կան: Ի մասնավորի, խոստանալով առաջիկայում ավելի մեծ գումարներ՝ Եվրամիությունից նշել են, որ այդ գումարները և աջակցությունը կարող են տրամադրել միայն իրենց կողմից վստահելի մարդկանց։

Հատկապես ուժայինների պարագայում Եվրամիությունը զգալի մտահոգություններ ունի մի շարք պաշտոնյաների մասով, և Փաշինյանի առջև դրվել է նրանցից ազատվելու հարցը։ Ի մասնավորի, նշվել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի անունը։ Հիշեցրել են նաև նախկինում առկախված խոստումը` ներքին գործերի նախարարի փոփոխության մասով։

Ի դեպ, մեր աղբյուրը պնդում է, որ ՔՊ-ում մեծ մասը չափազանց դեմ է փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությանը, թեև վերջինս որոշակի կապեր ունի Եվրամիության կառույցների հետ: Մեր տեղեկություններով, հատկապես ՔՊ վարչությունում համոզմունք կա, որ այդ պաշտոնում պետք է քաղաքական դեմք նշանակվի, ընդ որում՝ ցանկալի է հենց ՔՊ վարչության անդամ, որն էլ կկարողանա ավելի լավ վերահսկել կարևորագույն ուժային կառույցը։ Ի դեպ, մեր զրուցակցի փոխանցմամբ, այս հարցում, կարծես, արդեն կոնսենսուս կա, բայց թե կոնկրետ ո՞ւմ կնշանակեն, դեռ չեն որոշել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Փաշինյանների ընտանիքն ապրիլի 6-7-ին որոշել է Մայրության եւ գեղեցկության տոնը նշել Տավուշի Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստի գոտում: Տեղեկացանք, որ նախապես մի մեծ պատվիրակություն է մեկնել Ենոքավան` հիմնականում Փաշինյանի թիկնազորը, ապա նրանցից հետո՝ ղեկավարությունը:

«Ապագա ռեզորթ»-ում երկու օր պահել, կերակրել, զբաղեցրել են այս խմբին` իրենց հաշվին:

Եվ սա առաջին դեպքը չէ: Եթե հանգստավայրի սեփականատերերը շոյվում եւ ուրախանում են այս այցելություններից, որովհետեւ սա նաեւ որոշակի արտոնություններ ու վերեւներին մոտ լինելու հնարավորություն է նրանց համար, ապա ռեզորթի շարքային աշխատակիցները, որոնք ստիպված են սպասարկել այս «ձրիակերներին», միայն տհաճություն են ապրում եւ ամեն տեղ բողոքում այս արշավանքներից: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի մարտի 20-ին պայմանագիր է կնքել «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի հետ շենքերի մաքրման ծառայությունների համար։

Պայմանագրի արժեքը կազմել է 4 մլն 641 հազար դրամ, եւ այս ծառայությունը ձեռք է բերվել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

«Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը մինչ 2023 թվականը պատկանել է Կարեն Զաքարյանին. այժմ ընկերության իրական շահառուն Նարինե Վարդանյանն է՝ նրա կինը:
Ըստ պայմանագրի՝ նախատեսված է մաքրել 1,495 քմ տարածք։ Մաքրման ենթակա տարածքն իր մեջ ներառում է 160 աշխատանքային տարածք, ըստ երեւույթին՝ աշխատասենյակներ, 3 նիստերի դահլիճ, 1 պահեստի/արխիվի տարածք, 3 սերվերային տարածք, 2 մուտքի/սրահի տարածք, 18 սանհանգույց։
Պայմանագրով նախատեսված է, որ մաքրման ենթակա տարածքները պետք է պատշաճ մաքրված լինեն առավոտյան՝ ժամը 08։00 դրությամբ։

Նախարարության մաքրման ծառայությունների մեջ են մտնում նաեւ սանիտարահիգիենիկ միջոցները, որոնք հստակ սահմանված են ըստ պայմանագրի։

Օճառը պետք է լինի բարձրորակ Dove ապրանքանիշի։ Ըստ պայմանագրի՝ 27 զուգարանային խցիկի համար անհրաժեշտ է երկշերտ սպիտակ թուղթ, իսկ 3-րդ հարկի ձախակողմյան հատվածի 2 սանհանգույցներում պետք է լինեն բարձր որակի զուգարանի թուղթ, հեղուկ օճառ եւ ափսեները լվանալու բարձրորակ հեղուկ։
Պայմանագրով սահմանված է մեկ տարվա ընթացքում 6 անգամ լվանալ պատուհանները։ Ջահերի, առաստաղի եւ պատերի մաքրումը առնվազն պետք է իրականացվի 2 անգամ՝ մեկ տարվա ընթացքում։

Հետաքրքիրն այն է, որ սեփական հիգիենայի համար նախարարությանը պարտավորեցնում են պայմանագրով ունենալ ամենաթանկ խնամքի միջոցները, սակայն արցախցուն տրամադրում են ամսական 50 հազար դրամ, որի համար հետո գլուխ են գովում։ Եթե զննենք եւ բացահայտենք նաեւ, թե մաքրուհու աշխատանքի համար, ըստ պայմանագրի սահմանված կետերի, որքան աշխատավարձ է սահմանված, ապա կտեսնենք, որ գրեթե 5 մլն դրամը ծախսվում է իշխանավորների բարեկեցության վրա, իսկ մաքրություն ապահովողները, նույնիսկ հերթապահելով, ստանում են 60-70 հազար դրամ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանը թեեւ չի հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին, իր տպավորությունների ու ոչ հրապարակային պայմանավորվածությունների մասին չի կիսվել նրանց հետ, քանի որ նախընտրել է շաբաթ-կիրակին ընտանիքի հետ անցկացնել, սակայն, հավանաբար, նազիր-վեզիրների միջոցով թիմին լուրեր են փոխանցվել, որ Հայաստանին տրվող ընդհանուր հաշվով մոտ 330 մլն աջակցությունը` 4 տարվա կտրվածքով, այսբերգի միայն երեւացող մասն է, խորքում եւս պրոցեսներ են ընթանում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել` հատկապես պաշտպանական ոլորտում ներդրումների, աջակցությունների մասին, որոնք առանց նախապայմանների չեն լինելու։

Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու լուրերով, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են իրենց, դրանով է պայմանավորված ՌԴ-ի դեմ իրենց վարած կոշտ քաղաքականությունը, սակայն բրյուսելյան հանդիպումն այլ բան ցույց տվեց, ինչից ՔՊ-ում զայրացած են։ Այդուհանդերձ,  ՔՊ-ում խոսում են, որ կառավարությունը եւ նախեւառաջ բանակը, ռուսական ազդեցության գործիչներից, զինվորականներից «մաքրելու» պայման կա Արեւմուտքից, որը Փաշինյանը գուցե սկսի առաջիկա շաբաթներում իրականացնել:

Համենայնդեպս, երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարն արեւմտամետ «հուժկու» ռեֆորմներ է սկսել, որոնցից մեկը բանակի նոր կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունն է, որով «ուռա» բացականչությունը փոխարինում են «կեցցե» բառով, քանի որ ողջույնի «ուռա» ձեւը ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային բանակից ու ասոցացվում էր ռուսական բանակի հետ։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուրեմն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ մի երկու նոր քպականություն է արել: Մասնավորաբար, ասել է թե՝ ա) այո, Ադրբեջանը սահմանին կրակում է հայկական գյուղերի, բնակավայրերի, տների ուղղությամբ, բ) դրանք անկանոն, աննպատակ և անիմաստ կրակոցներ են, գ) դրանք չեն խանգարում «խաղաղության գործընթացին», դ) դա էսկալացիա չէ, էսկալացիայի վտանգ չկա, ե) «խաղաղության գործընթացին» խանգարում են երկրի ներսից, զ) բոլոր քաղաքական ուժերը հերթով գնում են Տավուշ...

Հա, քիչ էր մնում մոռանայինք: Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե իրենց իշխանությունը այնպիսի՜ պաշտպանական-ինժեներական դիրքեր է կառուցել (երևի ինքն է անձամբ նախագծել), որ, պատկերավոր ասած՝ «Մաներհեյմի գիծը» դրա մոտ մանկական խաղահրապարակ է: Իսկ այ, նախկիննե՜րը հազիվ «կանսերվի բանկա-բութուլկա» էին կախում...

Պետք է իսկապես կարկառուն քպական լինել՝ հայտարարելու համար, որ թշնամու կրակոցները անկանոն ու անիմաստ են, և որ դա... լարվածություն չէ, լարվածության վտանգ չէ, խաղաղության գործընթացի խոչընդոտ չէ: Իսկ գուցե ՔՊ խմբակցությունն ամբողջ կազմով, որպես «ժողովրդի ընտրյալներ», գնա ու մի կես ժամ կանգնի՞ ադրբեջանական «խաղաղաբեր», «ոչ էսկալացիոն», աննպատակ, անիմաստ կրակահերթերի տակ, մեր զինվորների կողքին: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն ու ՔՊ-ն այդպես խառնվել, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները Տավուշ են գնում: Թե չէ՝ իրենց պիտի հարցնեին, էլի, թե ուր գնան կամ չգնան: Իսկ գուցե անհանգստանո՞ւմ են, որ այդ այցերի արդյունքում առանց այդ էլ ամուր տավուշցիներն առավել կընդդիմանան գլխավոր քպականի հանձնողական քաղաքականությանն ու «վախ ծախելու» գործելաոճին...

Կամ գուցե «վատացել» են, թե ինչպես են Տավուշում և այլ մարզերում ընդունում իրենց շեֆին ու իրենց՝ նույնիսկ «սարքովի», կազմակերպած հանդիպումնրի ժամանակ, ինչպես՝ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների՞ն: Թե՞ Անդրանիկ Քոչարյանին ու մյուս քպականներին թվում է՝ իրենք ինչ ուզեն՝ կարող են հանձնել, իսկ մյուս քաղաքական ուժերը դիտորդի դերում պիտի լինեն...

Հա, «ինժեներական պաշտպանական» կառույցների մասին: Նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայոց բանակի դիրքերն ու պաշտպանական բնագծերը անցնում էին բոլորովին այլ վայրերով ու սահմաններով: Ու շատ ավելի ամուր էին, պաշտպանված: Իսկ իրենց իշխանությունը ավելի քան 11 հազար քառակուսի կիլոմետր տվել է թշնամուն, դեռ մի բան էլ շարունակ մեր զորքերը հետ քաշելուց է խոսում: Այ քեզ՝ «բանկա», «բութուլկան» էլ՝ վրադիր: