ՔՊ-ի ներսում «մատնիչ ինստիտուտներ» են գործում, Արցախցիները պահանջում են կենսաթոշակային գումարները. Մամուլը՝ սուրճով

ՔՊ-ի ներսում «մատնիչ ինստիտուտներ» են գործում, Արցախցիները պահանջում են կենսաթոշակային գումարները. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

«Մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ-ի ներսում կուսակցական ստորաբաժանումներից բացի ոչ ֆորմալ «մատնիչ ինստիտուտներ» են գործում, որոնք «գործ են տալիս» շեֆին` Փաշինյանին, այս կամ այն կուսակցականի կամ պաշտոնյայի դեմ: Այդ «ինստիտուտների» միջոցով բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, շատերն աշխատանքից են ազատվել եւ այլն:

ՔՊ-ականները նեղսրտում են, որ իրենց դեմ ուժայիններից բացի նաեւ մատնիչներն են աշխատում, որը Փաշինյանի ձեւավորած համակարգն է: Ի դեպ, Քերոբյանի շուրջ ստեղծված իրավիճակը եւս այդ ոչ «մարմնի» ուղղորդմամբ է սկսվել: Թե ովքեր են «մատնիչ ինստիտուտի» անդամները, ՔՊ-ում կասկածներ ունեն, եւ մի շարք անուններ են շրջանառվում` Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Գեւորգ Պապոյան, Արփի Դավոյան, Անդրանիկ Քոչարյան, կառավարությունում` Արայիկ Հարությունյան եւ այլք»:

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Ամերիաբանկը» կշարունակի բիզնեսի ընդլայնումն ու զարգացումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած արժեքներին, հռչակած առաքելությանն ու տեսլականին»,- անդրադառնալով BOGG PLC-ի հետ հնարավոր գործարքին` «Փաստի» հետ զրույցում նշեցին «Ամերիաբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում «Ամերիաբանկի» ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Այս գործարքը տարակարծությունների տեղիք է տվել համացանցում: Մի շարք հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Ամերիաբանկից»:

Հարցին, թե երբվանից են սկսվել բանակցությունները միջազգային այս խմբի հետ, «Ամերիաբանկից» տեղեկացրին. «Այս գործընթացը սկիզբ է առել դեռ երկու տարի առաջ: Վերջին տարիներին գրանցած նշանակալի հաջողությունների, տեխնոլոգիական զարգացման ներկայիս փուլում «Ամերիաբանկը» BOGG-ի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը»։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես այս ամենը կարող է ազդել հաճախորդների, բանկի ընդհանուր գործունեության վրա, «Ամերիայից» նշեցին, որ այս հնարավոր գործարքը որևէ կերպ չի անդրադառնա «Ամերիաբանկի» ընթացիկ գործունեության վրա, մասնավորապես` բանկի կողմից գործող ծառայությունների, ներառյալ` տոկոսադրույքների, վճարների և այլ պայմանների վրա։ ««Ամերիաբանկը» սովորականի պես կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Այս հնարավոր գործարքը պարզապես բանկի բաժնետիրական կազմում փոփոխություն է ենթադրելու»,- պարզաբանեցին «Ամերիաբանկից»:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկը» մի քանի բաժնետեր ունի, որից ընդամենը 49 %-ն է պատկանում այժմ գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին: Մեր ճշտող հարցին, թե որքանով այս գործարքը կապ ունի Ռուբեն Վարդանյանի հետ, «Ամերիաբանկից» ասացին. «Պարոն Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում «Ամերիաբանկի» բաժնետեր։ «Ամերիաբանկի» 48,82 % բաժնետեր է «Իմաստ Գրուպը», որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման: «Իմաստ Գրուպն» էլ այնքանով այս գործարքի հետ կապ ունի, որքանով մյուս բաժնետերերը: Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են բանկի բոլոր բաժնետերերի կողմից համատեղ։ Յուրաքանչյուր բաժնետեր կարող է որոշումներ կայացնել միայն իր տնօրինության տակ գտնվող բաժնետոմսերի մասով»։

Հիշեցնենք, որ BOGG ԲԲԸ-ն միջազգային ֆինանսական ընկերություն է, որը գրանցված է Միացյալ Թագավորությունում։ Խմբի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի շուկայի պրեմիում հարթակում: Գործարքի կապակցությամբ BOGG-ը նաև նախաձեռնելու է Խմբի վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը, իսկ «Ամերիաբանկը» շարունակելու է իր գործունեությունը իր անվան ներքո, ներկայիս ղեկավար կազմով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հրաժարվում են ընդունել ԴՆԹ թեստերի արդյունքները, երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ պահանջել են կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հանդիպել իրենց հետ։

«Ժողովուրդ» օրաթերթին ծնողները հայտնեցին, որ 4 զինվորի ծնողի ընդունել է կոմիտեի ղեկավարի տեղակալը ու լսել նրանց բողոքը։ Իսկ ինչի՞ց դրդված են ծնողները հասել Հակակոռուպցիոն կոմիտե։

Վերջիններս մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մամուլից տեղեկանալով, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի դեմ հարուցված քրեական գործ կա՝ շտապել են Հակակոռուպցիոն կոմիտե, որ հասկանան, թե արդյոք քրեական գործը հարուցվել է 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացությունների խայտառակ դեպքերի հետ, ինչի մասին իրենք տարիներ շարունակ բարձրաձայնում են։ Եղել է նախադեպ, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ այդ երեք ձեռքն էլ զոհված որդունն են: Մեկ այլ ծնողի դեպքում էլ, 43 համարի կոշիկ հագնող ու բարձրահասակ զինվորի ԴՆԹ-ի փոխարեն, 1,60 հասակով զինվորի ԴՆԹ են նույնականացրել եւ այսպես շարունակ:

Արդյունքում պատերազմի մասնակից զինվորների ծնողներին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմը բացատրել է, որ իրենք քննություն են իրականացնում ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման նպատակով դեռեւս երեքուկես տարի առաջ կնքված կասկածելի գործարքի շուրջ եւ իրենց մատնանշած դեպքերով քննություն չեն իրականացնում։ Այսինքն՝ ծնողների բողոքը չի դարձել մեղադրանքի հիմք:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Արցախի Ազգային ժողովն այս տարի գումարած գաղտնի նիստերից մեկում որոշել է փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, համաձայն որի՝ Արցախի քաղաքացիները կարող են տնօրինել կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական միջոցները:

Այսինքն, կարող են հիմա ստանալ այդ գումարները։ Հիշեցնենք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում գործում է նույն համակարգը` յուրաքանչյուր աշխատողի եկամտի որոշակի տոկոսը կուտակվում է նշված ֆոնդերում, որպեսզի կենսաթոշակային տարիքում ունենան «ապահով ծերություն»:

Հիմա, քանի որ ՀՀ իշխանություններն արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացի, ստացվում է, որ նրանք, ովքեր չեն ուզում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, չեն կարողանալու հետագայում օգտվել «ապահով ծերության» այս ծրագրից, ուստի Արցախի ԱԺ-ն որոշել է մարդկանց հնարավորություն տալ, որ հիմա վերցնեն իրենց կուտակած գումարները եւ հոգան կարիքները:

Խոսքը մոտ 16 մլրդ դրամի մասին է, մոտ 34 հազար շահառուի, այսինքն՝ յուրաքանչյուր աշխատողի եւ հարկ վճարած արցախցու մոտ 500 հազար դրամ կհասնի: Եվ քանի որ մարտին դադարում են ՀՀ իշխանությունների կողմից սոցիալական հատկացումները, ապա այդ գումարներով արցախցիները կարող են որոշ ժամանակ էլ գոյատեւել։ Հարցը ՀՀ Կենտրոնական բանկի տիրույթում է, որը պետք է դիմի միջազգային կուտակային ֆոնդերին եւ պահանջի հետ վերադարձնել բոլոր նրանց գումարները, ովքեր կպահանջեն։ Սակայն կարծիք կա, որ կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դժվար թե արցախցիների համար որեւէ քայլ անի եւ ԿԲ-ին կհանձնարարի չաջակցել։