«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը պահանջում է Բաքվին ընդունել հայության բռնի տեղահանման անհերքելի փաստը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը պահանջում է Բաքվին ընդունել հայության բռնի տեղահանման անհերքելի փաստը

1992 թ․ օգոստոսի 8-ին ադրբեջանական զինված ուժերը օկուպացիայի ենթարկեցին Հայաստանի Ճամբարակի շրջանի Արծվաշեն գյուղը, որը անկլավային կարգավիճակով շրջապատված էր Ադրբեջանի կողմից։ Ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը տվեց երկու տասնյակ զոհեր, իսկ Արծվաշենի ողջ՝ բացառապես հայ բնակչությունը՝ 700 տուն՝ ավելի քան 2800 մարդ տեղահանվել է և բնակություն հաստատել Գեղարքունիքի մարզում։
 

19-րդ դաի կեսերին հիմնադրված գյուղն իր պատմության ողջ ընթացքում ունեցել է բացառապես հայկական բնակչություն։ 1873 թ․ դրությամբ գյուղի բնակչությունը 1015-ից 1931 թվականին հասնել է 3 435-ի։ Գյուղում գործել են գորգագործական ֆաբրիկա, հաստոցաշինական գործարան, կոշիկի ֆաբրիկա, տեքստիլ արդյունաբերություն, 2 դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ և այլն։ Արծվաշենում կառուցված են եղել երկու եկեղեցիներ՝ Սուրբ Հովհաննես և Սուրբ Մինաս, որոնց այժմյան դրությունը խիստ մտահոգիչ է, ինչպես ողջ հայկական մշակութային միջավայրի։

Արդեն 32 տարի է, ինչ Արծվաշենի հայությունը կիսում է բռնի տեղահանման ողջ ծանրությունը տեղահանված հայության մյուս հսկայական զանգվածների հետ միասին, իսկ Արծվաշենը շարունակում է գտնվել ադրբեջանական վերահսկողության տակ՝ Ադրբեջանի դե ֆակտո ահաբեկչական վարչակարգին տալով դե յուրե օկուպանտի կարգավիճակ։
 

Արծվաշենի օկուպացիան հանգեցրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համակարգային ոտնահարմանը, որոնք ամրագրված են միջազգայնորեն՝ ի դեմս Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի և այլ իրավարար փաստաթղթերի, որոնց օրինականությունը ընդունում է նաև Ադրբեջանը՝ փաստացի ժխտելով սակայն այդ իրավականության կիրառականությունը։ Արծվաշենի հայությունն այսօր զրկված է ինչպես իր հայրենի բնակավայրեր վերադարձի, այնպես էլ խնդրին ածանցյալ մյուս բոլոր իրավունքներից, ինչպես օրինակ գույքի կառավարում, հոգևոր-կրթական, մշակութային կյանքի կազմակերպում և այլն։
 

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում Արծվաշենի ադրբեջանական օկուպացիայի դեմ և պահանջում Ադրբեջանին վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ընդունել ինչպես Արծվաշենի, այնպես էլ հայկական և հայաբնակ մյուս շրջաններից հայության բռնի տեղահանման անհերքելի փաստը՝ անհրաժեշտ և տրամաբանական բոլոր հետևանքներով։ Մենք պահանջում ենք միջազգային հանրությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Արծվաշենի ադրբեջանական օկուպացիային վերջ դնելու և դրա համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 

Փաստացի Հայաստանի Հանրապետության մաս կազմող տարածքի բռնազավթումը և էթնիկ ու ռասայական խտրականության հիմքով հայ բնակչության տեղահանումը միջազգային հանցագործություն է, որի անպատժելիությունը հիմք է տվել Ադրբեջանին՝ զարգացնելու ռասիզմի կիրառման և էթնիկ զտումների պրակտիկան՝ ի դեմս 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի դեմ ցեղասպանական գործողությունների շղթայի։