Արայիկ Հարությունյանը սեպտեմբերին կխոսի, Նախկին իշխանավորների ընտանիքը՝ թիրախում․ Մամուլը սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին նիստ կհրավիրի, որի ժամանակ այս անգամ կխոսի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ի դեպ, նրա մասնակցությամբ նիստը կիրականացվի հեռավար կապի միջոցով, քանի որ Հարությունյանը Արցախում է՝ շրջափակման մեջ։ Նկատենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւս խոստացել է գալ քննիչ հանձնաժողով, սակայն հստակ օրն ու ժամը չի ասել։
Բանն այն է, որ Հարությունյանի չներկայանալը ու քաղաքական իշխանությունից սրտնեղելը կապված է իր նկատմամբ հարուցված քրեական գործով, որով դեռ նախաքննական մարմինը վերջնական որոշում չի կայացրել: Դեռ փորձում են գնահատական տալ՝ ՊԲ նախկին հրամանատարը թերացել է, թե ոչ։
«Հրապարակ» թերթը գրում է․
ՀՀ նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Ալիկի Սարգսյանը, ով բնակվում է Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, հրավիրվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` իրեն պատկանող գույքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաեւ փաստերին ծանոթանալու եւ հայտարարագիր ներկայացնելու համար: Նա դատախազություն է հրավիրվել օգոստոսի 25-ին: Թե կոնկրետ ինչ գույքի մասին է խոսքը, դատախազության տարածած հրապարակային ծանուցման մեջ չի նշվում:
Նշենք, որ դատախազությունն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով կարող է ուսումնասիրություն սկսել միայն 50 մլն դրամը գերազանցող գույքի պարագայում: Հիշեցնենք նաեւ, որ այս իշխանությունը գիշեր ու զօր բողոքում է, թե վարչապետի ընտանիք են «մտնում»՝ կնոջն ու դուստրերին վիրավորում, իսկ ինքն անշեղ կուրս է վերցրել՝ նախկին իշխանավորների կանանց ու դուստրերին իրավապահ մարմիններ տանել-բերելու, որը նախկինում կարմիր գիծ էր համարվում, եւ քննիչները մշտապես խուսափում էին դրանից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 11-ին Գյումրու ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո իրավապահ համակարգում խորհրդակցություն է հրավիրվել, ու կոնկրետ պահանջ ներկայացվել՝ չխնայել որեւէ կարգազանց վարորդի՝ լինի կին, թե տղամարդ: Իսկ թե որքանով այս հանգամանքը կնվազեցնի պատահարների թիվը, ցույց կտա ժամանակը։
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ծառայողական քննություն է նշանակվել այդ տարածքում պարեկային հերթապահություն իրականացնող ծառայողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են Volkswagen մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուր»-ի զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:
«Հրապարակ» թերթը գրում է․
Սյունիքում նախապատրաստվում են Փաշինյանի այցին, չնայած դեռ հաստատում չեն ստացել այցի եւ այցի ժամկետների վերաբերյալ, սակայն հուսով են, որ վարչապետը կիրականացնի դեռեւս ամիսներ առաջ պլանավորած ու հետաձգված այցը։ Հատկապես որ վերջին անգամ Սյունիք է մեկնել 2021-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ, եւ դա բավականին անփառունակ այց էր։ Պատերազմից հետո կայացած այդ այցի ժամանակ Փաշինյանին «սյունյաց ողջույններ» հղեցին, որին հետեւեցին քրեական գործեր եւ պատժամիջոցներ, որ այլեւս երբեք նրան չվիրավորեն:
Ավելի ուշ նրա կինը մեկնեց Սյունիք եւ վարդերի փունջ ստացավ Քաջարանի ըմբոստ քաղաքապետից: Սակայն ՀՀ վարչապետն այդ պահից խուսափում է սյունյաց աշխարհ ոտք դնել: Հիմա ՔՊ-ում կարծում են, որ իրավիճակ է փոխվել, եւ Փաշինյանը չի խուսափի Սյունիք այցելելուց` կհաստատի հրավերը։ Բանն այն է, որ օգոստոսի 19-ին նշվում է Կապանի, իսկ 20-ին՝ Քաջարանի օրը: Վարչապետից բացի, Սյունիք են հրավիրել նաեւ ԱԺ նախագահին, կառավարության այլ անդամների։