Մայր Աթոռի Մատենադարանի պատմությունը պետք է որոնել դարերի մեջ. Տեր Արարատ քահանա Պողոսյան (ֆոտոշարք)

Մայր Աթոռի Մատենադարանի պատմությունը պետք է որոնել դարերի մեջ. Տեր Արարատ քահանա Պողոսյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Տեր Արարատ քահանա Պողոսյան, Մայր Աթոռի Հրատարակչության և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն

«Հայտնի է, որ կրոնական կառույցները ոչ միայն հոգևոր քարոզչություն են իրականացնում, այլև
ծավալում են կրթադաստիարակչական և գիտական գործունեություն: Հայ Առաքելական եկեղեցու դեպքում այդ գործունեությունը վերածվել է հոգեփրկչական և ազգապահպան առաքելության։ Հայ Եկեղեցին և նրա սպասավորներն այս գիտակցումն են ունեցել և ունեն դեռևս 5-րդ դարից սկսած։ Չնայած դարերի ընթացքում տեղի ունեցած քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրոնական վայրիվերումներին՝ Սուրբ Էջմիածինը, որպես Հայ Եկեղեցու մշտամնա հոգևոր կենտրոն, շարունակել է մնալ արժեքներ ստեղծող, պահպանող և հայ ու համաշխարհային հոգևոր-մշակութային գանձարանը հարստացնող եզակի կենտրոն։

Գրքի պատմությունն արդեն հինգ հարյուր և ավելի տարիներ միահյուսվում է հայ տպագրության
պատմությանը՝ երկու դեպքում էլ ընդգծելով այս կարևոր արժեքների ազգափրկիչ առաքելությունը, որի վառ վկայությունն է այն, որ մի տևական շրջան գրեթե բոլոր հայ տպագրիչները եղել են եկեղեցական գործիչներ։

Գիրքը ժողովրդի և եկեղեցու համար միշտ մնացել և շարունակում է մնալ անանց արժեք: Այն իր
մեջ թաքցնում է պատմական գաղտնիքները, գիտական ձեռքբերումները, հանդես է գալիս որպես կամուրջ անցյալի, ներկայի և ապագայի միջև: Աներկբա է, որ տպագիր մատյանների պահպաններն առաջին հերթին գրադարաններն են: Դիպուկ է բնորոշել 20-21-րդ դարերի նշանավոր գրողներից մեկը, որ «Առանց գրադարանների մենք չունենք ոչ անցյալ, ոչ էլ ապագա» (Ռեյ Բրեդբերի)։ Գրադարաններում է ամբարված դարեր շարունակ տպագրված և դարերի պատմությունն ամփոփող տպագիր ժառանգությունը, որի պահպանությունն ու հասանելիությունը ընթերցողին գրադարանային կարևորագույն գործառույթներ են:

Այսօր փոխվել են գրադարաններին առաջադրված պահանջները: Թվային դարաշրջանում փոխվել
են նաև տպագիր ժառանգությունը ընթերցողին հասանելի դարձնելու միջոցներն ու ուղիները:

Սակայն նպատակը նույնն է՝ հավաքագրել, պահպանել ու հաջորդ սերունդներին փոխանցել այն, ինչը ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից:

Մայր Աթոռի Մատենադարանն այսօր գործում է նոր մասնաշենքում, սակայն նրա պատմությունը
պետք է որոնել դարերի մեջ։ Ձեռագրատուն, գրատուն, գրքատուն, գրադարան, մատենադարան․․․
անվանումները տարբեր են, սակայն նույնն է նպատակը և գործառույթները, ինչը փաստում է, որ դրանք չեն կորցրել իրենց արդիական հնչեղությունը»։