Ո՞վ է տնօրինում Հայաստանի ֆինանսները
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է, ում մոտ մի խումբ փաստաբաններ կոռուպցիոն ռիսկեր են հայտնաբերել:
Ի՞նչ է տեղի ունեցել
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դեմ փաստաբանների հաղորդումը Գլխավոր դատախազությունից հասել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Փաստաբանները նախարարի հայտարարագրերը վերլուծել են ու նրան կասկածում են կոռուպցիոն գործարքների մեջ։
«Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ էստեղ կա՛մ մենք փողերի լվացման հետ գործ ունենք, կա՛մ ապօրինի հարստացման, դե հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելն էլ դա արդեն ուղղակի ենթադրվում է այս հաշվետվությունից», - հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Վահե Հովհաննիսյանը 2021 թվականից ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղակալ էր։ Ըստ տեղեկությունների՝ պաշտոնի նշանակվելուց հետո Հովհաննիսյանը 1 միլիոն դոլար անտոկոս փոխառություն է ստացել:
«Արտոնյալը»
Հայաստանում կա՞ որևէ սովորական քաղաքացի, ով կարողանա 1 միլիոն դոլար անտոկոս փոխառություն ստանալ: Վստահ եմ՝ ոչ: Նման բախտի չեն կարող արժանանալ անգամ հաջողակ բիզնեսմենները, եթե, իհարկե, իշխանության հետ կապեր չունեն:
Ստացվում է՝ Վահե Հովհաննիսյանին բախտը ժպտացել է, որովհետև նա ինչ-որ մեկի «սրտի» փոխնախարարն է եղել, գուցե այդ «ինչ-որ մեկն» էլ նրան ավելի ուշ նախարար է նշանակել:
Կոռուպցիան իսկապես «պոզով- պոչով» չի լինում, եթե նույնիսկ ասոցացվում է Փաշինյանի իշխանության հետ:
Վահրամ Բագրատյան