Էդ ինչքա՞ն մեծ դեր եք տալիս Անահիտին, ես ընդամենը նախարարի հետ ունեցել եմ տարաձայնություն․ Ծաղիկ Վարդանյան

2022 թվականի հունվարի 12-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով պաշտոնից ազատվեց Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը։
Վերջինս, սակայն, համարելով նախարարի՝ իրեն ազատելու հրամանը ապօրինի, դիմեց դատարան, հաղթեց դատարանում և 2023 թվականի օգոստոսին վերականգնվեց աշխատանքի՝ ստանալով նաև մոտ 10 մլն դրամ փոխհատուցում առողջապահության նախարարությունից։ Դրանից մեկ ամիս անց, սակայն, արդեն սեփական դիմումի համաձայն՝ Վարդանյանն ինքը հեռացավ աշխատանքից, որովհետև ասում են՝ Ավանեսյանն այնպիսի պայմաններ էր ստեղծել նրա համար, որ Վարդանյանը ինքը չցանկացավ այլևս մնալ այդտեղ ու աշխատել Ավանեսյանի ենթակայության ներքո։
Ծաղիկ Վարդանյանը, որ նախարարի հետ գժտվելուց և հեռանալուց հետո հիմա արդեն ընդդիմադիր է դարձել, բայց ոչ թե իշխանությանը, այլ՝ անձամբ նախարար Ավանեսյանին, MediaHub-ի հետ զրույցում չհերքեց այս ամենը և ասաց, որ ինքը հիմա ՀԿ է բացել ու մասնավոր ոլորտում է գործունեություն ծավալում։
«Ես վերականգնվեցի օգոստոսի սկզբին, ուղիղ մեկ ամիս աշխատեցի, որից հետո իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել, քանի որ նպատակահարմար չեմ գտել։ Այն, ինչ տեսա էն բարեփոխումների ուղղություններում, բայց բարեփոխում անունը չդնենք, այն փոփոխությունների ուղղությունն ու միտումները, հարմար չգտա, որ ես էդ թիմում ինտեգրված աշխատեմ։ Հիմա հասարակական կազմակերպություն ունենք, դրանով ենք զբաղված, որոշակի վերլուծություններ ենք անում»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը։
-Ընդդիմադի՞ր վերլուծություններ եք անում ավելի շատ։
-Չէ, ընդդիմադիր չի, ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ ընդդիմադիր չի, ես Ձեզ խոստանում եմ, որ մի օր կլսեք՝ եթե մի բան, իրականում, ռեալ է, ճիշտ է, ես կասեմ՝ ընդունում եմ, նորմալ է, ապրեք։
-Պարզապես մի տեսակ նրանք, որոնք կոնֆլիկտով դուրս են գալիս որևէ նախարարությունից, հետո դառնում են ընդդիմություն, բայց ոչ թե իշխանությանը, այլ հենց այդ նախարարարությանն ու նախարարին։
-Ես միշտ մի բան եմ ուզել ասել, տեսեք՝ 2000 թվականից պետական կառույցներում աշխատել եմ, սկզբից՝ Մեղրիում հիմնարկի տնօրեն եմ եղել, հետո եկել բուժվարչության պետ եմ աշխատել, ՊԱԳ-ի պետ եմ աշխատել, այսինքն՝ 22 տարի ես աշխատել եմ պետական հիմնարկներում, ու անկեղծ եմ ասում՝ հերիք է, ես իմ պարտքը պետության նկատմամբ, կարծում եմ, կատարել եմ։ Ես որևէ նեղվածություն չունեմ, որ չեմ աշխատում։
-Նախարար Անահիտ Ավանեսյանի՞ց էլ չունեք նեղվածություն։
-Ես ընդամենը նախարարի հետ ունեցել եմ տարաձայնություն, մի քիչ շատ կլինի իրենից նեղվածությունը, կներեք՝ մեծամտություն չհամարեք, բայց ես ունեմ միայն տարաձայնություն։
-Բայց ասում էին՝ հենց այդ տարաձայնությունն էր պատճառը, որ հեռացաք, ու թեպետ դատարանով վերականգնվեցիք Ձեր աշխատանքին, բայց հետո այնպիսի պայմաններ էր ստեղծել նա Ձեզ համար, որ զզվեք այդ իրավիճակից ու հեռանաք։
-Տեսեք, էն ինչ ասում եք, ճշմարտություն կար Ձեր ասածի մեջ, բայց էսպես է եղել, իրականում․ էդ, որ Դուք ասում եք՝ դուրս գալ, եթե էդ նույն նախարարը և իր թիմը պահեր իրեն էնպես, որ լիներ հանգիստ, նորմալ քննարկում՝ իմ դուրս գալու հետ կապված, շատ հնարավոր էր, որ իմ կողմից կար տրամադրվածություն․․․
-Բայց ասացին, որ ինչ-որ պայմաններ էր ստեղծել Ձեզ համար Ավանեսյանը, որը հաճելի չէր, օրինակ՝ Ձեր կաբինետը փակել և ուրիշ կաբինետ էր տվել։
-Այո, իմ կաբինեը փակել էր, բայց ուրիշ կաբինետ ես չեմ մտել, էն իրենց տված կաբինետը, որտեղ իրենք տվել էին, ես նույնիսկ չեմ գնացել էդ կողմը, ես նստել եմ ընդհանուր․․․․ Մի քիչ սիրուն էլ չի, էլի, մանր բաներ են, ես դրանց վրա ուշադրություն դարձնող չեմ։ Բայց, տեսեք, ինքը քաղծառայության պաշտոն է, ու եթե ես որոշում կայացնեի, որ մնում եմ, էդպես հեշտ չէր լինի քաղծառայողին էդպես ազատելը։ Պարզապես իմ վերականգնվելու նպատակը ոչ թե եղել է այն, որ ես ինչ-որ ձևով անպայման Անահիտի թիմում աշխատեմ՝ ոչ։ Ես, պարզապես, դիմել եմ դատարան, որ իմ նկատմամբ անարդարացի վերաբերմունք է եղել։
-Որ նաև հաղթա՞ծ դուրս գաք Ձեր ասած Անահիտին։
-Անահիտին հաղթած չէ, էդ ինչքա՞ն մեծ դեր եք տալիս Անահիտին։ Ես դիմել եմ դատարան, որ որպես առողջապահական համակարգում ճանապարհ անցած մարդ՝ ես ինձ նվաստացած չզգամ։ Էստեղ Անահիտի ֆակտորը ինձ համար չկա, էլի, ես Ձեզ անկեղծ եմ ասում՝ իր հետ կապված ինչ-որ անհատական, անձնական բաներ չունեմ։ Հիմա ինքն է եղել նախարար, իր հետ է եղել, ես ժամանակին տարաձայնություններ եմ ունեցել նաև Արսեն Թորոսյանի հետ, սակայն էդ տարաձայնությունները քննարկումներում շտկվել են, և մենք բավականին պրոդուկտիվ աշխատել ենք։
-Իսկ տիկին Ավանեսյանի հետ ինչո՞ւ չէր ստացվում պրոդուկտիվ աշխատել։
-Ի սկզբանե ինքը տրամադրված չէր, ի սկզբանե իր խորհդրատուները բավականին ուրիշ ուղղությամբ էին տարել, և ինքն ի սկզբանե արդեն ուներ ՊԱԳ-ի թեկնածու, որը «Ուիգմորի» ֆինանսական պատասխանատուն էր և նախարարի մտերիմ մարդն էր, ու արդեն իսկ որոշում ուներ՝ ես լինեի, թե ուրիշ, ինքն էդ պաշտոնն ազատելու էր։ Ու ինձնից հետո նա անմիջապես նշանակվեց, հետո ես վերականգնվեցի, իրեն ազատեցին աշխատանքից, հետո նորից նշանակեցին էդ պաշտոնում։
-Իսկ զուտ գաղափարական առումով Ձեր հիմնական դժգոհությունը նախարարից ո՞րն է, օրինակ՝ Անահիտ Ավանեսյանի վարած քաղաքականության մեջ ի՞նչն է, որ Ձեզ համար արմատապես ընդունելի չէ։
-Բոլոր հարցերը էս պահին՝ սկսած օպտիմալացման նկատմամբ իրենց վերամերմունքից, ՊԱԳ-ի և բժշկական կազմակերպությունների միջև անհասկանալի գոյամարտը, և հնարավորինս տուժելու, հնարավորինս չընդունելու դեպքերը, էդ քաղաքականությունը։ Իսկ ամենամեծ տարաձայնությունը այս պահին պարտադիր առողջապահության ապահովագրության մոտեցումներն են, որոնց մասին ես արտահայտվել եմ, և էդ արտահայտվելու պատճառով ինձ վռնդել են, հանել են հանձնաժողովից։ Ես ասել եմ, որ նման ձևով չի կարող գործել, էն, ինչ անում են, դա ապահովագրություն չի։
Վահե Մակարյան