Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Զզվելի է, երբ որպես հայ մեկնում են Բաքու, այնտեղից վերադառնում՝ ադրբեջանցի դարձած, «չէ՞, բռատ»

Blog Image

Մարդկանց մոտ տարակուսանք ու զարմանք առաջացրեց այն հանգամանքը, երբ Բաքվից վերադարձած «քաղհասարակության» հայաստանյան ներկայացուցիչներն մամուլի ասուլիսում հայերին ու ադրբեջանցիներին գրեթե նույնացրին։ Մի կողմ թողնենք նրանց մյուս հայտարարությունները, որոնք գրեթե ամբողջովին բխում էին փաշինյանա-ալիևյան վարած քաղաքականությունից, և անդրադառնանք հատկապես այս վերջինին, քանի որ արտաքնապես դա «ամենաանմեղն» է, սակայն ամենամանիպուլյատիվը։ Այդ պատվիրակության ոմն անդամն իր խոսքում նշեց, որ Բաքվի փողոցներում հաճախ է լսել «հա, բռատ» արտահայտությունն ու դրանից բխեցրել է մնացյալ ամբողջը։ Հիմնվելով այդ մեկ արտահայտության վրա՝ գրեթե նույնացրել է մեր կենցաղն ու նիստուկացը, բարքերն ու սովորությունները, մի խոսքով, մենք համարյա նույն ժողովուրդն ենք, պարզապես Հայաստանում մարդիկ ունեն Փաշինյան ազգանունը, Ադրբեջանում՝ Փաշաև։

Շատերը գուցե մտածեն, որ իրոք, երկար ժամանակ ապրել ենք Խորհրդային Միության ընդհանուր պետության մեջ, որպես հարևաններ գուցե մեր երկու հանրապետությունների միջև եղել է ամենաինտենսիվ շփումը, ու հնարավոր է՝ յուրացրած լինենք միմյանց կենցաղը և այլն։ Սակայն իրականում այս արտահայտությունն ամենևին էլ պատահական ասված խոսք չէ, ոչ էլ տգիտության արդյունք, քանի որ նույնիսկ վերջին տգետն էլ հասկանում է, որ Հայաստանում, ի տարբերություն մեր հարևանների, մանկապարտեզից սկսած ադրբեջանցիների նկատմամբ ատելություն չեն գեներացնում, դպրոցներում հայերի գերեվարման կամ գնդակահարման սցենարներ չեն բեմականացնում, մարդկանց չեն մորթում, քնած ժամանակ չեն գլխատում…

Շեշտում եմ, պատվիրակության սույն անդամի կողմից հայերին ու ադրբեջանցիներին գրեթե նույնացնելն ամենևին էլ պատահական չէ, ոչ էլ հետապնդում է երկու ժողովուրդների միջև «վստահություն» ձևավորելու նպատակ, այլ ամբողջովին բխում է Ալիևի՝ «արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունից։

Մոտ երկու ամիս առաջ Ալիևն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց «պատմական հայրենիք»՝ Հայաստան, սակայն դա չպետք է անհանգստացնի ո՛չ Հայաստանի Հանրապետությանը, ո՛չ էլ հայ ժողովրդին։ Եվ ահա այսօր, հայերից բաղկացած պատվիրակությունը, վերադառնալով Բաքվից, հայերին ու ադրբեջանցիներին նույնացնում է իրար, որպեսզի մենք՝ ՀՀ քաղաքացիներս, համոզվենք, որ ադրբեջանցիների «վերադարձից» անհանգստանալու ու վախենալու ոչ մի պատճառ չկա, նրանք էլ մեզ պես մարդիկ են, ապրում են նույն կենցաղով, ինչ մենք, ունեն նույն սովորույթներն, ինչ մենք ու նույնիսկ հեռախոսազանգերին պատասխանում են մեզ նման՝ «հա, բռատ»։

Հատկանշական է նաև, որ պատվիրակության անդամները լեգիտիմացրին, ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանը, «արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Ըստ նրանց՝ մենք չպետք է լուրջ վերաբերվենք ու առանձնապես ուշադրություն դարձնենք Բաքվից հնչող հայտարարություններին, քանի որ դրանք պատվիրակության անդամների խոսքով՝ հայելային արտահայտումն են այն տրամադրությունների, որոնք տիրում են Հայաստանում։ «Հայ» բանախոսների համոզմամբ՝ Ադրբեջանում գեներացվում է «արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը միայն այն պատճառով, որ մենք բարձրաձայնում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, այսինքն՝ ըստ հայկական սույն պատվիրակության, նախ՝ «արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության ի հայտ գալու համար մեղավոր ենք մենք՝ հայերս, երկրորդը՝ նրանց մոտեցմամբ՝ այդ կեղծ գաղափարախոսությունն ու արցախցիների վերադարձի իրավունքը գտնվում են նույն հարթությունում ու կյանքի կոչվելու հավասարազոր իրավունք ունեն։ Ժամանակին ճիշտ այդպես Նիկոլ Փաշինյանը «արևմտյան Ադրբեջանը» նույնացրեց Արևմտյան Հայաստանի հետ։

Իհարկե, կարելի է անկեղծորեն մտածել երկու պետությունների միջև խաղաղություն հաստատելու մասին, կարելի է անկեղծորեն մտածել երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ, բայց զզվելի է, երբ որպես հայ մեկնում են Բաքու, այնտեղից վերադառնում ադրբեջանցի դարձած։

Կարեն Կարապետյան

Send