Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Եթե արհեստական ատամների վրա կարող է կարիես առաջանալ, Սրբուհի Գալյանն էլ կարող է անտեղյակ լինել Սահմանադրությունից

Blog Image

Միայն դիպլոմի առկայությունը դեռևս բավարար հիմք չէ, որպեսզի մարդուն համարես տվյալ ոլորտի մասնագետ, այն ընդամենը փաստում է, որ այդ անձնավորությունը մի քանի տարի պարզապես հաճախել է որևէ ուսումնական հաստատություն։ 

Օրինակ՝ տարիներ առաջ մի աղջկա, որը սովորում էր Բժշկական համալսարանի ավարտական փուլում ու ապագա ատամնաբույժ էր, խնդրեցի նայել ատամներս՝ պարզելու համար, թե ինչ խնդիրներ ունեմ։ Ուշադիր զննելուց հետո նա հայտարարեց, որ ատամներիցս երկուսի վրա կարիես է սկսվում, ու անհապաղ պետք է բուժել։ Ես նրան շնորհակալություն հայտնեցի ու ցավակցական հայացքով նայեցի փողոցով անցնող մարդկանց, որոնք ապագայում գնալու էին մեր աղջկա մոտ՝ ատամները բուժելու։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում իմ ատամների վրա չէր կարող կարիես առաջանալ, որովհետև դրանք արհեստական են։

Նույնն էլ Սրբուգի Գալյանի պարագայում է։ Նա կա՛մ իրավաբան է զուտ դիպլոմով, կա՛մ փաստերը խեղաթյուրում է գիտակցաբար։

Երկու դեպքում էլ նրա գործունեության արդյունքը չի կարող դրական լինել՝ անկախ պատճառներից։

Երեկվա իր հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է․ «Եթե ընդունում եք այդ միտքը, որ Եկեղեցին տարանջատված է պետությունից, ապա պետք է զբաղվի միայն եկեղեցական, կրոնի ու հավատքի հետ կապված հարցերով և ոչ երբեք քաղաքականությամբ»։

Նախ՝ Եկեղեցի-պետություն տարանջատումը ոչ թե միտք է, այլ Սահմանադրությամբ ամրագրված դրույթ, որը ոչ ոք չի կարող շրջանցել։ Սահմանադրության ցանկացած դրույթի շրջանցումը, անտեսումը կան խախտումը ուղղակիորեն Սահմանադրության ոտնահարում է, ինչն էլ անում է Նիկոլ Փաշինյանը, ինչն էլ արդարացնում է Սրբուհի Գալյանը։

Երկրորդը՝ եթե Սրբուհի Գալյանն իրավաբան է սոսկ դիպլոմով, ապա գուցե և չգիտի, որ պետությունից տարանջատված է Եկեղեցին, բայց ոչ հոգևորականը։ Գոյություն չունի սահմանադրական որևէ դրույթ, օրենքի որևէ հոդված, որը հոգևորականին արգելում է զբաղվել քաղաքականությամբ։ Եթե հոգևորականներին արգելված լիներ քաղաքականությամբ զբաղվելը, ապա նրանք պետք է զրկված լինեին նաև ընտրելու իրավունքից, քանի որ ընտրությունները քաղաքական գործընթաց են։ Ցանկացած հոգևորական իրավունք ունի առաջադրվել ու ընտրվել երկրի նախագահ, վարչապետ կամ պատգամավոր։ Այլ բան է, որ հոգևորականներն իրենք ներքին որոշմամբ չեն միջամտում քաղաքական գործընթացներին։

Սակայն եթե Սահմանադրությունը չի արգելում հոգևորականներին զբաղվել քաղաքականությամբ, ապա միևնույն ժամանակ արգելում է պետությանը խառնվել, միջամտել Եկեղեցու ներքին կյանքին։ Գիտի՞ այդ մասին Սրբուհի Գալյանը. դժվար։

Երրորդը՝ Սրբուհի Գալյանը հայրենիքից չհրաժարումը շփոթում է քաղաքականությամբ զբաղվելու հետ։ Արցախի հարցի բարձրաձայնումը ոչ թե քաղաքականությամբ զբաղվել է, այլ հայրենատեր լինելու փաստ, գիտի՞ այդ մասին Սրբուհի Գալյանը. դժվար։

Բացի այդ, իր հարցազրույցում նախարարուհին օգտագործում է էլ ավելի զավեշտալի միտք, այս անգամ իրոք միտք, այլ ոչ թե սահմանադրական դրույթ։

Խոսելով եկեղեցական կանոնակարգի ու կուսակրոնության հնարավոր խախտման մասին՝ նա ասում է. «Եկեք բոլոր իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչենք ու բոլորը թողնենք Աստծո դատին»։ Կուսակրոնությունն իրավական ակտ չէ, դրա ո՛չ ընդունումը, ո՛չ խախտումը չի կանոնակարգվում ՀՀ Քաղաքացիական կամ Քրեական օրենսգրքով։ Պետության աշխարհիկ իշխանությունը չունի որևէ լիազորություն՝ քիթը մտցնելու այդ տիրույթ, չունի նույնիսկ բարոյական իրավունք՝ գնահատականներ հնչեցնելու ու դատողություններ անելու։

Բայց երբ արդարադատության նախարարը իրեն իրավունք է վերապահում Նիկոլ Փաշինյանի հրահանգով մտնել մի դաշտ, որն ամբողջովին դուրս է իր լիազորությունների շրջանակից ու առհասարակ պետության հսկողության տիրույթից, ապա իր անմիջական ոլորտը, որի համար կրում է ուղիղ պատասխանատվություն, վերածվում է քաոսի։ Ըստ լուրերի՝ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների կտրուկ աճ է գրանցվել, կալանավորները ոչ միայն զրկված են տարրական իրավունքներից, այլև աշխատակիցների կողմից ենթարկվում են խոշտանգումների։

Եթե այս լուրերը ճիշտ են, իսկ կարծում եմ՝ ճիշտ կլինեն, ապա Սրբուհի Գալյանը նախքան Աստծո դատաստանի առջև կանգնելը, պետք է պատասխանատվություն կրի երկրի վրա՝ հենց իր նշած իրավական ակտերին համապատասխան։

Կարեն Կարապետյան

Send