Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Մինչ Փաշինյանը Գառնի-Գեղարդ տրամաբանությամբ Չինաստանից գնում է Ճապոնիա, մենք կանգնել ենք նոր ողբերգության առաջ

Blog Image

Նիկոլ Փաշինյանը կարող էր թողնել անդարդ մի զբոսաշրջիկի տպավորություն, եթե Հայաստանը կանգնած չլիներ հերթական ողբերգության առաջ, որի թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։ Այսօր մամուլում շրջանառվեց արցախցիների՝ Հայաստանը զանգվածաբար լքելու վերաբերյալ հերթական տեղեկությունը, որը, ի դեպ, նոր չէ։ Այդ մասին ահազանգեր հնչում են արդեն տևական ժամանակ։

Իսկ որո՞նք են արցախցիների՝ Հայաստանը լքելու պատճառները։ Սխալ է այն մոտեցումը, որ մարդիկ գնում են հիմնականում պայմանավորված սոցիալական խնդիրներով։ Բնականաբար այդ հարցերը նշանակություն ունեն, սակայն կան է՛լ ավելի կարևոր գործոններ։

Դրանցից առաջինը սոցիալական խնդիրների ոչ միայն օբյեկտիվ պատճառներն են (մարդիկ կորցրել են իրենց տները, ունեցվածքը, աշխատանքը), այլ նաև սուբյեկտիվ։ Հայաստանի իշխանություններն արցախցիների ֆինանսական աջակցությունը հասցրել են այն մինիմալին, որն արդեն գրեթե հավասար է զրոյին, եթե առհասարակ ֆինանսական աջակցությունը շարունակվում է։

Չի լուծվում այդ մարդկանց բնակարանային հարցը, մինչդեռ այդ մարդիկ իրենց մեղքով չէ, որ դարձել են տնազուրկ։

Հաջորդ չափազանց կարևոր պատճառը արցախցիների հանդեպ ատելության մթնոլորտի ուղղորդված տարածումն է։

Արցախցիներն այդ մոտեցմանը բախվում են թե՛ իրական կյանքում, թե՛ համացանցային տիրույթում։ Նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անում են ադրբեջանցիներն ու Նիկոլ Փաշինյանի երդվյալ ընտրազանգվածը։

Ու այդ ամենը ուղղորդվում է անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից։ «Ուղղորդվել» ասելով չպետք է հասկանալ այն, որ Նիկոլ Փաշինյանը պարտադիր պետք է եթերում տառացիորեն արցախցիներին ատելու կոչ աներ։

Ո՛չ, սակայն Արցախի ղեկավարության հասցեին հնչող վիրավորանքները, Արցախի պետական ինստիտուտների դեմ գրոհը, Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին արված մեղադրանքները, Արցախի տոներն անտեսելն ու արհամարհելը, Արցախ բառից իսպառ հրաժարվելը, ժամանակ առ ժամանակ հիշատակելը, որ Հայաստանի գումարները տասնյակ տարիներ ուղղվել են Արցախին ու շեշտադրումը, որ մենք «կորցրինք Արցախը, որ ձեռք բերենք Հայաստանը» հենց այն ազդակն է, որ արցախցիները չեն վայելում ՀՀ իշխանությունների «բարեհաճությունը» ու կարող եք նրանց «հոշոտել», ինչպես ցանկանում եք։

Իսկ ո՞րն է նրանց նկատմամբ այդ ատելության տարածման նպատակը։ Օտտո Բիսմարկը ժամանակին ասում էր. «Չկա մարդ, չկա պրոբլեմ»։ Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը փորձում է փակել Արցախի էջը, սակայն նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելով, նա չի կարող օրակարգից հանել արցախցիների վերադարձի հարցը։

Այդ հարցը կարող է ինքնաբերաբար դուրս գալ միայն այն դեպքում, երբ այլևս Հայաստանում արցախցի չմնա, կամ մնան այն քանակով, որ այլևս ցանկացած հարցի բարձրացում կորցրած լինի իր նշանակությունը։

Ըստ այդմ, չի լինի արցախցի, չի լինի նաև ոչ միայն Արցախի, այլև արցախցիների վերադարձի օրակարգ։

Հետևաբար սխալված չենք լինի, եթե ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի, թե անուղղակի, Հայաստանում իրականացնում է արցախցիների զտում։

Կարեն Կարապետյան

Send