Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Արցախի Հանրապետության օրը Փաշինյանը ուղերձ հղեց Ալիևին, որ փակում է Հայաստանի Երրորդ հանրապետության էջը

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության օրը, Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել ֆեյսբուքում, նշելով, թե ո՞րն է այսօրվա ու նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը, վերջում էլ ամփոփելով՝ փառք նահատակներին, կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը բացականչությամբ։

Սա ոչինչ չասող, դատարկ մի գրառում է, որը կարելի էր անել ցանկացած մեկ այլ օր, դրանից ոչինչ չէր փոխվի։ Բայց ոչ, նա այս գրառումը արել է հատուկ այս օրը, որպես հերթական ցուցիչ Արցախի ուրացման, որպես հերթական ազգադավություն ու որպես հերթական ուղերձ՝ Ալիևին, որ իր համար Արցախ այլևս գոյություն չունի ու թերևս չի էլ ունեցել։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը պետականորեն բաժանելով նախկինի ու ներկայի, Նիկոլ Փաշինյանը հասկացնում է, որ փակում է Հայաստանի Երրորդ հանրապետության էջը:

Բայց քանի որ քննարկման մեկնարկը տվել է հենց ինքը, ապա հավելյալ անգամ շեշտենք, թե ո՞րն է այսօրվա ու նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը։

1. Նախկինում կար Արցախի Հանրապետություն, իսկ այսօր այն Նիկոլ Փաշինյանի կողմից նվիրվեց Ադրբեջանին։

2. Նախկինում կար հազարամյակներով հայերով բնակեցված Արցախ, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի օժանդակությամբ Արցախը հայաթափվեց, ենթարկվելով էթնիկ զտման՝ ցեղասպանության։

3. Նախկինում Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ու մեր մյուս հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում։

4. Նախկինում Արցախի դրոշը մշտապես ծածանվում էր Հայաստանի Հանրապետության փողոցներում ու տոնական օրերին, այսօր այն դարձել է ընդդիմության խորհրդանիշը։

5. Նախկինում կար մեկ ազգ, մեկ հայրենիք ու երկու պետություն, այսօր ներազգային պառակտումը, բևեռացումն ու հատկապես արցախցիների նպատմամբ ատելությունն ունի պետական հովանավորչություն։

6. Նախկինում կար հաղթած ու տարածաշրջանում դերակատարում ունեցող Հայաստան, իսկ այսօր կա պարտված, թուրք-ադրբեջանական միության դեմ ստորացած ու սուբյեկտից օբյեկտի վերածված մի միավոր։

7. Նախկինում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շուրջ կար անվտանգային հզոր պատնեշ, իսկ այսօր բոլոր ռազմավարական բարձունքները, տարածքներն ու ճանապարհները հանձնված են թշնամուն

8. Նախկինում կար բանակ, որը հարգանք ու վստահություն էր ներշնչում հանրությանը, վախ ու ակնածանք՝ թշնամուն, իսկ այսօր բանակը կանգնած է կազմալուծման եզրին։

9. Նախկինում Հայաստանի Հանրապետության տարածքները որևէ կերպ չէին կարող շահարկման առարկա դառնալ, իսկ այսօր դրանց մի մասը օկուպացրել է Ադրբեջանը, մյուս մասը նրանց է հանձնել Նիկոլ Փաշինյանը, մի հատվածը Սյունիքի մարզում Հայաստանը արտապատվիրակել է երրորդ կողմին, իսկ Արարատի մարզում Տիգրանաշենը կանգնած է հանձնման վտանգի առաջ։

10. Նախկինում Հայաստանի Հանրապետությունն ուներ դաշնակիցներ ու մաս էր կազմում անվտանգության կոնկրետ կառույցի, իսկ այսօր ունի ընդամենը գործընկերներ, առանց հստակ ռազմական ու ռազմավարական պարտավորվածությունների։

11. Նախկինում Հայ Առաքելական Եկեղեցին վայելում էր բացառիկ դեր հայ ժողովրդի կյանքում ու արդարացիորեն օժտված էր անձեռնմխելիությամբ, իսկ այսօր հարձակման է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների կողմից, ինչը հավելյալ անգամ կոտրում է հայ ժողովրդի ողնաշարն ու դիմադրողականությունը։

12. Նախկինում Հայաստանի Հանրապետությունը պահանջատեր էր Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչմանը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ուրացել է այն, այլև օտար երկրներին անուղղակի կոչ է անում չճանաչել ցեղասպանությունը։

13. Նախկինում ապրում էր շուրջ 5000 մարդ, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից զոհաբերվեցին միայն այն բանի համար, որ իրեն չանվանեն դավաճան։

14. Նախկինում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ծնողները ունեին բացառիկ կարգավիճակ, իսկ այսօր նրանք Եռաբլուրում՝ իրենց զավակների շիրիմների առջև, բռնության են ենթարկվում ոստիկանների, տարբեր մեղադրանքներով ու կալանավորումներով հալածանքների՝ դատական մարմինների կողմից։

15. Նախկինում Հայաստանի Հանրապետության ղեկավարներն ունեին քաղաքական խոսք ու ասելիք, այսօր ՀՀ վարչապետը հայհոյանքն ու գռեհկությունը հասցրել է պետական մակարդակի։

16. Նախկինում Հայաստանի Հանրապետության նախագահները Թուրքիայի նախագահների հետ շփվում էին, որպես հավասարը հավասարի, այսօր ՀՀ վարչապետը Էրդողանին նայում է քծնանքով ու որդիական խոնարհությամբ։

17. Նախկինում Ադրբեջանի նախագահները՝ հայր ու որդի Ալիևները, եթե նույնիսկ ատում էին Հայաստանի Հանրապետության նախագահներին, նրանց հասցեին խոսում էին հարգանքով, իսկ այսօր Ադրբեջանի նախագահը ՀՀ վարչապետին անվանում է «հարբեցող ծաղրածու»։

Բայց այս ամենով հանդերձ…

Փառք հանուն Հայաստանի ու հանուն Արցախի բոլոր ժամանակներում իրենց կյանքը զոհած հերոս նահատակներին։ Նրանք մարտիրոսվել են հանուն հայրենիքի, այլ ոչ ի շահ Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» ու վերջինս որևէ բարոյական իրավունք չունի շահարկելու նրանց նահատակությունը։

Կեցցե’ Հայաստանի Հանրապետությունը, քանի որ այն հավերժ է, իսկ Նիկոլ Փաշինյանը նրան պատուհասած ժամանակավոր աղետ։

Կեցցե’ Արցախի Հանրապետությունը, քանի որ որևէ մեկը չի կարող փակել Արցախի էջը ու այն երբեք չի փակվի։

Կարեն Կարապետյան

Send