«Հրապարակ» թերթը գրում է.
Վեհափառին գահընկեց անելու շուրջ իշխանությունում, պարզվում է, քննարկումներ են եղել: Տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը «զադնի դնի»․ հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն արշավողներին։ Որոշ հարցումներից եւ զոնդաժից հետո որոշել են Փաշինյանի ասած ՔԱՄ-ը` համակարգող խումբը ձեւավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։ Խմբի առաջին 10 անդամներին ընտրելու է Նիկոլ Փաշինյանը: Հետո այդ 10-ն իրենց հերթին պետք է խմբեր ձեւավորեն եւ լոկալ ակցիաներ անեն եկեղեցու դեմ։ Եվ շարունակելու են մարդկանց նյարդայնացնող ստատուսային պատերազմը` հույս ունենալով, որ հանրությանն այնքան «կգժվացնեն», որ կհաջողվի կաթողիկոսին «մերժել», նրա նյարդերը` Սերժ Սարգսյանի օրինակով, տեղի կտան, եւ նա դիմում կգրի` կգնա:
«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` Նիկոլ Փաշինյանը, օդում ճոճելով Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ունեցած, այսպես ասած, կոմպրոմատները, նկատի ունի «Իմ քայլի» իր վաղեմի դաշնակից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հետ ունեցած ոչ հրապարակային խոսակցությունները:
Բանն այն է, որ Զավենիչը գլուխ է գովացել, որ լինելով եկեղեցուն մոտ կանգնած եւ ունենալով մտերիմ հարաբերություններ Մայր Աթոռում` ունի ֆանտաստիկ տեղեկություններ միաբանության մասին: Եվ ահա Փաշինյան Նիկոլը դրանցով է ոգեւորված, բայց ամենաուշագրավն այն է, որ այդ, այսպես ասած, տեղեկություններն իսկապես ֆանտաստիկայի ժանրից են կամ առնվազն անապացուցելի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենաթողությունն ու «բեզպրեդելը» այնքան են խորացել և արմատներ գցել իշխանության խորքերում, որ պատիժն անզոր է ուղղելու նրանց:
Անդրդվելի իշխանականների՝ ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատժամիջոցներ չի համարձակվում սահմանել, թեև արձանագրում են, որ կա վարքագծի առերևույթ խախտում:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտին «Ֆեյսբուքում» գրառում էր արել, որը դժգոհություն էր առաջացրել սոցցանցում։ Նա կիսվել էր Ամուլսարի հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ և կից գրել․ «Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը՝ գնում»: Օգտատերի վրդովմունքից ու քննադատություններից հետո նախարարն արդարացավ, թե ասացվածքը վերաբերում է մի քանի նախկին պաշտոնյաների։ Երբ այս բացատրությունն էլ չբավարարեց քննադատողներին, Պապոյանը հեռացրեց գրառումը։
Նշված հրապարակումը Կոռուպցիայի կանխրգելման Հանձնաժողովը քննության էր առել, սակայն արձանագրել էր վարքագծի կանոնների խախտման բացակայության մասին։
Եզրակացություն
Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն բան այլ է․
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ:
Մասնավորապես քննության են առնվել «Համբալ», «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը։
Օրերս էլ, ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հնչեցրած արտահայտությունների առնչությամբ պատասխանն է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը ևս որևէ պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ ՔՊ-ում անպատժելիություն է տիրում. այսուհետեւ ով ինչ կարող է՝ խոսելու է։
Փոխարենը, իրավիճակը լարվում է եկեղեցու շուրջ, իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ, բազմաթիվ քրեական վարույթներ են հարուցվում ընդդիմադիրների մասնակցությամբ. այս «սպառնալիքների լեզուն» իշխանությունը կշարունակի դեռ երկար ու հետևողական»։