Լռել, երբեք չքննադատել ու սիրվել. բոլոր իշխանությունների սիրելի Մանսուրյանի 85-ամյակն է

Լռել, երբեք չքննադատել ու սիրվել. բոլոր իշխանությունների սիրելի Մանսուրյանի 85-ամյակն է

Այսօր ՀՀ բոլոր իշխանությունների սիրելի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակն է:

Ինչպե՞ս է այդպես ստացվում: Մանսուրյանը երբեք «թթու խոսք» չի ասել իշխանությունների հասցեին՝ նախկին, ներկա, վստահ ենք՝ եթե Աստված խղճա Հայաստանն ու նոր իշխանություն ունենանք, նաև ապագա: Դրա համար միշտ գնահատվել:

Խոսքը նրա տաղանդի մասին չէ ամենևին, որովհետև նա իսկապես տաղանդավոր է ու նրա երաժշտությունն անմոռանալի է, հիասքանչ: Խոսքը նրա, որպես քաղաքացի ու մտավորական, չդիրքորոշման մասին է, որը երբեք չես լսի, անգամ երբ Հայաստանը իր պատմության ամենաողբերգական օրերն է ապրում:

2020 թվականի արյունալի պատերազմ, դավաճանություն, որի հետևանքը Արցախի կորուստն է, Արցախի հայաթափում ու հայոց պատմությունը ջնջելու փորձեր. Մանսուրյանը լուռ է:  Այդպես հարմար է: Հետևապես, գնահատելի իշխանության կողմից: Հետևապես մշտապես մեծարման արժանի: Ապացույցների ետևից հեռու գնալ պետք չէ՝ միշտ է այդպես եղել, և այսօր էլ, առաջիններից մեկը Նիկոլ Փաշինյանն է, որ նրան շնորհավորեց.

«Հարգելի՛ վարպետ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առիթով: Գաղթով մեկնարկած, ստեղծագործական բարձունքների նվաճումով պսակված, ապա անկախ պետականության մտավորականի գործունեությամբ շարունակված Ձեր կյանքն ու կենսագրությունը ճակատագրի դեմ մարդու հաղթանակի ու անսասան պատասխանատվության մի զարմանալի և ուսանելի օրինակ է, որն արժանի է ի ցույց դնելու:

Ձեր անձնական կերպարը՝ համեստության ու բարեկրթության մի անկրկնելի օրինակ է, որ պատկառանք է հարուցում: Ինչո՞ւ են Հայաստանի Հանրապետությունում Ձեզ այսքան շատ սիրում: Որովհետև Ձեր երաժշտության մեջ մարդիկ տեսնում և ճանաչում են իրենք իրենց, իրենց հույզերն ու զգացմունքները, ցավերն ու բերկրանքը, հիասթափություններն ու երազանքները: Ձեր ստեղծած երաժշտությունը հայաստանցիներն իրենցն են համարում, իրենցն են համարում նաև Ձեզ, և սա ստեղծագործողի, մտավորականի, քաղաքացու այն գերադրական գնահատականն է, որ հնարավոր է ունենալ:

Ինձ համար անմոռանալի են Ձեր պատմություններն Արթիկում ապրած Ձեր մանկական տարիների մասին: Առաջիկայում նախատեսում ենք հիմնանորոգել Արթիկի՝ Ձեր անունը կրող մշակույթի կենտրոնը, համապարփակ ծրագիր ներդնել այնտեղ, որ դրանում Ձեր անվանն արժանի կրթամշակութային միջավայր ձևավորվի և զարգանա:

Սիրելի՛ վարպետ,

Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել: Վերստին շնորհավորելով, մաղթում եմ Ձեզ առողջություն և ստեղծագործական անվերջանալի բերկրանք»,- ասված է նրա ուղերձում:

Շնորհավորել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.

"Մեծ վարպետ, շնորհավոր տարեդարձդ, Աստված Ձեզ ուժ և առողջություն տա երկար տարիներ ստեղծագործելու և մեր իրական մշակութային ժառանգությունն էլ ավելի մեծացնելու համար",- գրել է նա՝ հրապարակելով Մանսուրյանի հետ լուսանկար:

Սա է մեր ժամանակների ու իշխանության քիմքին հարիր մտավորականի տեսակը՝ լուռ, երբեք չքննադատող, դրա համար մշտապես սիրելի...

Լիա Խոջոյան