Սա է ճանապարհը հայաթափելու Արցախը, ինչին ձգտում են Փաշինյանն ու Ալիևը. պատգամավոր

Սա է ճանապարհը հայաթափելու Արցախը, ինչին ձգտում են Փաշինյանն ու Ալիևը. պատգամավոր

Այս պահին ճանապարհը դեռ փակ է, ամենացավալին այն է, որ ինչ-որ բանակցություններ են վարվում, բայց թե ինչի շուրջ՝ չես հասկանում: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով լուրին, որ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը:

Հիշեցնենք, քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:  

Պատգամավորի խոսքով, նրանք ոչ մի բան ոչ պահանջում են, ոչ էլ ասում են, ուղղակի փակել են, քանի որ պահանջն արդեն վերևի մակարդակում է հնչեցվելու, ինչն իրենք կանխորոշել էին դեռ տասն օր առաջ, որ հենց այսպես էլ լինելու է.

«Ու ցավոք սրտի նորից ճիշտ դուրս եկանք: Սա պայմանավորված ընթացք է, որն ընթանում է սկսած 2018 թվականից, Նիկոլ Փաշինյան-Ալիև մակարդակում ու այնքան պարզ ու ակնհայտ է այդ համագործակցությունը”,- նշեց նա:

Մետաքսե Հակոբյանը ցավով նշեց, որ սա լրջագույն ազդեցություն կունենա, ինչին էլ միտված է այս գործողությունը, քանի որ փակել կենսական նշանակության ճանապարհը նշանակում է խուճապ ու հայաթափում.

«Նիկոլն ու Ալիևը  համատեղ ջանքերով հասան դրան, որ ուղղակի նման մթնոլորտ  ստեղծեն: Նրանք շատ լավ հսկանում են, որ սա ամենից ծանրն է, որովհետև Հայաստանին կապող կենսական նշանակության ճանապարհն անգամ պատերազմի ժամանակ չի փակվել: Նրանք հասկացան, որ եթե չեն կարողանում Արցախի հարցը լուծել պատերազմով, բանակցային ճանապարհով, սա իրենց համար ամենաընդունելի տարբերակն է, որին համաձայն է նաև Փաշինյանը: Այս ամենը  ուղղակի նշանակում է հայաթափել Արցախը: Ու ամենասարսափելին այն է, որ գլխավոր դերում Հայաստանի իշխանություններն են. Ով կմտածե՞ր: Թշնամու դեմ պայքարը հասկանում ես, գիտես, բայց սեփական իշխանության դեմ պայքարելը....սա է սարսափելին»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Այս պահի դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: