Apple-ին մեծ տուգանք է սպառնում

Apple-ին մեծ տուգանք է սպառնում է. ընկերությունը կարող է ստիպված լինել բացել իր բջջային վճարային համակարգը մրցակիցների համար այն բանից հետո, երբ ԵՄ հակամենաշնորհային մարմինները iPhone արտադրողին մեղադրեցին իր բջջային դրամապանակի տեխնոլոգիայի մուտքը մրցակիցների համար սահմանափակելու մեջ:
Սա ԵՄ-ի երկրորդ մեղադրանքն է Apple-ի դեմ այն բանից հետո, երբ ԵՄ կարգավորիչներն անցյալ տարի ընկերությանը մեղադրեցին երաժշտության հոսքային փոխանցման շուկայում մրցակցության խեղաթյուրման մեջ Spotify-ի բողոքից հետո:
Եվրահանձնաժողովն առարկության հայտարարություն է ուղարկել Apple ընկերություն՝ մանրամասնելով, թե ինչպես է ընկերությունը չարաշահել իր գերիշխող դիրքն iOS սարքերի համար բջջային դրամապանակների շուկայում:
Հանձնաժողովը հայտնել է, որ Apple-ի հակամրցակցային գործելակերպը սկսվել է 2015 թվականից, երբ գործարկվել է Apple Pay-ը: «Կան նշաններ, որ Apple-ը սահմանափակել է երրորդ կողմի մուտքը հիմնական տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ են Apple սարքերում բջջային դրամապանակների մրցակցային լուծումներ մշակելու համար»,- ասվում է ԵՄ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մարգրետ Վեստագերի հայտարարության մեջ: «Մեր առարկության հայտարարության մեջ մենք նախապես պարզել ենք, որ Apple-ը, գուցե, սահմանափակել է մրցակցությունը հօգուտ Apple Pay-ի»,- ասել է նա:
Apple-ը, որին իր համաշխարհային շրջանառության մինչեւ 10 տոկոսի կամ 36.6 միլիարդ դոլարի չափով տուգանք է սպառնում, հայտարարել է, որ կշարունակի համագործակցել Հանձնաժողովի հետ:
«Apple Pay-ը եվրոպացի սպառողների համար հասանելի վճարման բազմաթիվ տարբերակներից մեկն է եւ NFC-ին հավասար հասանելիություն է ապահովում՝ միաժամանակ սահմանելով առաջատար գաղտնիության եւ անվտանգության չափանիշները ոլորտում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: