Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջազգային կազմակերպությունների հետ կապերի հարցերով ՌԴ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ռոսնանո»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսը տեղափոխվել է Օլբիա (Սարդինիա կղզի) քաղաքի հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները:
Դրա տվյալներով՝ անալիզների արդյունքները դեռ հայտնի չեն։ Աղբյուրները նաեւ պնդում են, որ ոչ ոստիկանությունը, ոչ էլ իրավապահ մարմինների այլ պաշտոնյաներ Սարդինիայում գտնվող Չուբայսի տանը որեւէ թեստ չեն անցկացրել։
Ավելի վաղ La Repubblica թերթը հայտարարություն էր տարածել, որ Չուբայսը հիվանդության առաջին ախտանիշները զգացել է Սարդինիայի Կոստա Սմերալդա հանգստավայրում հանգստի ժամանակ։ Չուբայսը բժիշկներին հայտնել է, որ դժվարանում է շարժել ձեռքերն ու ոտքերը, գրում է թերթը։ Թերթը նաեւ պնդում էր, որ ոստիկանությունն իր մասնագետների միջոցով թեստեր է անցկացրել՝ պարզելու համար՝ արդյոք խոսքը ենթադրյալ թունավորման մասին է, թե ոչ:
Ավելի վաղ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, վկայակոչելով Չուբայիսի կնոջը՝ Ավդոտյա Սմիրնովային, տելեգրամյան ալիքում հայտնել էր, որ Չուբայսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կիրակի Չուբայսին մոտ կանգնած ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ նրա վիճակը բարելավվել է եվրոպական կլինիկաներից մեկում Գիյեն-Բարեի համախտանիշի բուժման ընթացքում։
Գիյեն-Բարեի համախտանիշը հազվագյուտ աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ հակամարմինները սկսում են գրոհել ծայրամասային նյարդային բջիջների միելինային թաղանթը: Դրա վնասը հանգեցնում է նրան, որ հիվանդը մասամբ կորցնում է վերահսկողությունը վերջույթների մկանների նկատմամբ, իսկ ծանր դեպքերում խնդիրներ են առաջանում շնչառական մկանների աշխատանքում։ Գիյեն-Բարեի համախտանիշի ճշգրիտ պատճառները դեռ հայտնի չեն, բայց շատ դեպքերում այն առաջանում է տարբեր բակտերիալ եւ վիրուսային վարակներից հետո։ Մեկ տարի առաջ բժիշկները հայտնաբերեցին առաջին ամբողջական ապացույցն առ այն, որ այն կարող է առաջանալ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Նրանք նաեւ պարզել են, որ COVID-19-ի դեմ որոշ պատվաստանյութեր մեծացնում են դրա դեպքերի հաճախականությունը:
Մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Չուբայսին կայուն զարգացման նպատակներին հասնելու համար միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով իր հատուկ ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին։