Այս իշխանությունը պայքարում է ոչ թե Հայաստանի, այլ հենց իր իշխանության համար․ Աբովյան

Իշխանությունը շարունակում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Տավուշի գյուղերի հարցը այս օրերին դարձավ բուռն քննարկումների և քննադատությունների առարկա։ Սակայն բացի Տավուշի գյուղերից, Փաշինյանը հայտարարեց, որ Վրաստանի հետ նույնպես սահմանազատման աշխատանքներ են լինելու։ Արդյո՞ք հաջորդը Լոռու մարզի գյուղերի հարցն է. Այս հարցը MediaHub-ն ուղղեց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանին։

«Սա սահմանազատում չի, ոչ էլ սահմանագծում, սա միակողմանի հայկական տարածքների հանձնում է։ Երբ մենք փորձում ենք հասկանալ տրամաբանությունն այս իշխանության գործողությունների, ապա բացառել ոչինչ չի կարելի։ ՀՀ իշխանություններն ուզեն, թե չուզեն, բայց սպասարկում են թուրք-ադրբեջանական հետաքրքրությունները»,- ասաց Աբովյանը։

Բացի այս ամենից իշխանությունից լսում ենք նաև, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, և չեն բացառում, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Հնարավոր է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու թեզն իշխանությունն առաջ է տանում, որ հավանական պատերազմի ժամանակ ասեն` «ՀԱՊԿ-ը չկար, մենք էլ ի՞նչ կարողացանք, արեցինք»։ Արման Աբովյանը չբացառեց, որ կարող է այդպես լինել։

«Հարցը ՀԱՊԿ-ի մեջ չէ, այլ ի՞նչ է սկզբունքային տեսնում այս իշխանությունը։ Հրաժարվելով Արցախից, առաջ մղելով թուրքական և ադրբեջանական նարատիվները՝ այս իշխանությունը կա՛մ միտումնավոր, կա՛մ անմիտ պայքարում է ոչ թե Հայաստանի համար, այլ հենց իր իշխանության համար, այսինքն՝ իրենց միևնույն է, թե ինչքան Հայաստան կմնա, իրենց  համար կարևոր է երկու-երեք փողոց մնա, իրենց դա հերիք է»,- ասաց Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մարիաննա Արամյան