Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ քաղաքացիների 53 տոկոսը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խիստ դրական կամ որոշ չափով դրական է վերաբերվում:
ՔՊ-ականները կրկին փորձում են մոլորեցնել հայ ժողովրդին՝ ստեղծելով ֆեյք վարկանիշներ արտաքին և ներքին ճակատներում տապալված, Ադրբեջանում բազմաթիվ երգերի «հերոս» դարձած Նիկոլ Փաշինյանի համար:
Արցախը հանձնած, Եռաբլուրի տարածքը քառապատկած, սոցիալ-տնտեսական աղետ բերած գործիչը ՀՀ-ում չի կարող ունենալ 53 տոկոս վարկանիշ: Փաշինյանը կարող է ունենալ 80 տոկոս վարկանիշ, սակայն Ադրբեջանում, որի նախագահի երազանքը Փաշինյանը կյանքի է կոչել՝ Շուշիում այսօր ծածանվում է ադրբեջանական դրոշը:
Արևմտյան տարբեր ինստիտուտներ «նկարում» են այնպիսի թվեր, որ հայ հասարակության մոտ տպավորություն ստեղծվի, թե ՔՊ-ի առաջնորդն իրոք ունի այդքան մեծ վարկանիշ Հայաստանում: Սակայն ՀՀ գիտակից բոլոր քաղաքացիները հասկանում են, որ Հայաստանն ու Արցախը դեպի կործանում տանող թիմն ու նրա ղեկավարը չեն կարող ունենալ մեծ վարկանիշ, դա ուղղակի աբսուրդ է:
ՔՊ-ականները ֆեյքերի և ֆեյք թվերի սիրահարներ են, սակայն իրականում նրանք շատ լավ գիտեն հայ ժողովրդի իրական վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ, ինչով էլ պայմանավորված է հազարավոր թիկնապահներով շրջելն ու ուժայինների աշխատավարձերի բարձրացումը:
ՔՊ-ն կատարում է գեոպոլիտիկ պատվերներ, միայն այդ հանգամանքով է պայմանավորված տարբեր արևմտյան ինտիտուտների կողմից Փաշինյանի վարկանիշի արհեստական բարձրացումը:
Վահրամ Բագրատյան