Թրամփի վարչակազմն առաջարկել էր Ուկրաինայի կառավարությանը ընդունել ԱՄՆ-ից արտաքսված քաղաքացիների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այս տարվա սկզբին առաջարկել էր Ուկրաինայի կառավարությանը ընդունել երրորդ երկրների՝ Միացյալ Նահանգներից արտաքսված քաղաքացիների «անորոշ թիվ», գրել է «The Washington Post»-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթերին։
WP-ն նշում է, որ խնդրանքը թվում է արտասովոր՝ հաշվի առնելով, որ Ուկրաինան, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են, չունի գործող օդանավակայաններ և կախված է ամերիկյան ռազմական և ֆինանսական աջակցությունից։
Փաստաթղթերում չի նշվում, թե ինչպես է Կիեւը արձագանքել։ WP-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի դիվանագետն ԱՄՆ դեսպանատանը հայտնել է, որ կառավարությունը պատասխան կտրամադրի, հենց որ այն ձևակերպվի։ Դիվանագետը նշել է, որ Ուկրաինան «ունի իր քաղաքացիներին ընդունելու պատմություն՝ Միացյալ Նահանգների կողմից արտաքսվելուց հետո», սակայն կառավարությունն այժմ բախվում է «պատերազմական արտակարգ իրավիճակի»։
Երկու ուկրաինացի պաշտոնյաներ հրատարակությանը հայտնել են, որ հարցը չի քննարկվել կառավարության ամենաբարձր մակարդակով։ Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ տեղյակ չէ Միացյալ Նահանգների կողմից արտաքսվածներին ընդունելու որևէ «քաղաքական պահանջի» մասին։
Ուկրաինան Միացյալ Նահանգներից ոչ մի երրորդ կողմի քաղաքացու չի ընդունել, պարզաբանում է թերթը։
Հունվար-մայիս ամիսներին նմանատիպ հարցումներ են ստացել նաև մի քանի այլ երկրներ, իսկ Սալվադորը, Կոստա Ռիկան, Պանաման, Մեքսիկան և մի շարք այլ պետություններ համաձայնությամբ են արձագանքել։ Ի պատասխան, Թրամփի վարչակազմը իշխանություններին առաջարկել է Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման և այլ խթանների հեռանկար։
Օրինակ՝ Ռուանդայի կառավարությանը, որտեղ ուղարկվել էր արտաքսված իրաքցի, վճարվել է 100,000 դոլար։ Ավելի ուշ երկիրը համաձայնվել էր ընդունել ևս տասը մարդ «երկարաժամկետ ծրագրի» շրջանակներում։