Սպանում է ու գալիս է, իմա՞ստը․ զոհվածի մայրը՝ Փաշինյանի՝ «Եռաբլուր» այցի մասին

Ժողովուրդ ջան, արթնացե՛ք, եթե որդեկորույս ծնողի հետ ոստիկանությունն էդ կերպ է վարվում, դուք հասկանո՞ւմ եք, որ սովորական մարդկանց հետ ավելի  վատ են վարվելու։ Այդ մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված տղաներից մեկի մայրը, որին ևս ոստիկանները բերման էին ենթարկել, ինչ է թե ինքը դեմ էր Նիկոլ Փաշինյանի՝ պանթեոն այցին։

Նա նշեց, որ այս իշխանությունները մի՛ կողմից «Եռաբլուրն» են մեծացնում, մյուս կողմից՝ փորձում են իբր հարգանք մատուցել ու խոնարհվել։

«Ինչի՞ համար է գալիս, որ ի՞նչ անի։ Սպանում է ու գալիս է, իմա՞ստը»,- նկատեց նա։

Զոհվածի մայրը նշեց նաև, որ այս պահին էլ զոհեր ունենք, որոնց անունները դիտմամբ չեն հայտարարում, որ մարդիկ ճիշտ թիվը չիմանան։