Արցախի իշխանությունները պետականությունը քանդելու առաջին քայլը դրեցին․ Դավիթ Գալստյան

Արցախի իշխանությունները պետականությունը քանդելու առաջին քայլը դրեցին․ Դավիթ Գալստյան

Այսօր՝ Արցախի ԱԺ հերթական նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմեց նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք Ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Եթե ժողովուրդը Ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»,- ասաց Թովմասյանը։

Ի՞նչ վտանգներ է պարունակում շրջափակված Արցախում նման հայտարարություններ հնչեցնելը, արդյո՞ք ներքաղաքական խառը վիճակը հերթական սուրը չէ Արցախի գլխին ճոճվող․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։

«Երկու տարուց ավելի է՝ մեզ ուզում են սնել մտքով, որ այս իրավիճակում հանրաքվե, ընտրություն հնարավոր չէ, ու եթե մենք ուզում ենք նոր ընտրություններ անել, ապա գնում ենք արկածախնդրության, որը երկիրը կկործանի։ Բայց այսօր այդ թեզերի հեղինակները հանրաքվեից են խոսում՝ փորձելով պատասխանատվությունը բարդել բոլորի վրա»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ այն իրավիճակին է հասցված երկիրը, որ իշխանությունն այլ ելք չի տեսնում, քան երկիրը կազմաքանդելը։ 

«Նախ ժողովրդին պառակտեցին, համախմբման թեզերի տակ տարբեր բևեռներ ստեղծեցին, հիմա էլ պետական ինստիտուտն են քանդում։ Պետականությունը քանդելու առաջին քայլը դրեցին։ Եթե Արայիկ Հարությունյանն ուզում է հեռանալ, ականջալուր է լինում հանրությանը, ապա պետք է վաղուց աներ, այլ ոչ թե ձևականորեն հանրային պահանջ ձևավորեր՝ 700 մարդու հավաքելով։ Ես համոզված եմ, որ սա Արայիկ Հարությունյանի հետ պայմանավորված հայտարարություն էր»,- նկատեց Գալստյանը։

Ըստ արցախցի պատգամավորի՝ 2021 թվականի հունիսի 21-ին, երբ Արայիկ Հարությունյանը հայտնվեց ՔՊ-ի շտաբում, շատ ավելի մեծ հանրային պահանջ կար, բայց Արայիկ Հարությունյանն այդ ամենին ընդդեմ ցույց արեց, հիմա ի՞նչն է փոխվել։

«Տեսեք, Արայիկ Հարությունյանի վարքը էապես փոխվել է։ Սա այն մասին է խոսում, որ Արայիկ Հարությունյանն ուզում է պատասխանատվությունը բոլորի վրա գցել»,- նշեց նա։
Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Հարությունյանը հրաժարական տա, ի՞նչ է լինելու, եթե հաշվի առնենք, որ սահմանադրական փոփոխություններ չեղավ, Դավիթ Գալստյանը պատասխանեց՝ ընտրություններ անցկացնելու սահմանադրական կարգը պահպանելն իշխանության պարտականությունն է, և հենց իշխանությունը պետք է իր քայլերն այնպես անի, որ ավելի մեծ քաոս չստեղծի։

Նարե Գնունի