Արցախը 275 օր է՝ շրջափակված է․ 1․945 քաղաքացի զրկված է վիրահատվելու հնարավորությունից

Արցախը 275 օր է՝ շրջափակված է․ 1․945 քաղաքացի զրկված է վիրահատվելու հնարավորությունից

Արցախի կառավարության տեղեկագիր | շրջափակման 275-րդ օր |

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,945 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 794 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվում են առ այսօր, իսկ ռուս խաղաղապահների կողմից անձանց տեղափոխությունները կասեցվել էին հունիսի 15-ին և վերականգնվել միայն օգոստոսի 21-ին, սակայն միայն մեկ ուղղությամբ՝ Արցախից Հայաստան, որն էլ կասեցվել է օգոստոսի 28-ին՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից արցախցի երեք ուսանողների առևանգումից հետո: 

Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ավելի քան 6,000 անձինք, ներառյալ՝ շուրջ 800 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 223 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (275 օրվա ընթացքում մարդկանց 673,750  -ի փոխարեն՝ 3,015 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 13 ելքի և մուտքի դեպք՝ ԿՄԽԿ-ի մեքենաներով:

Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 85 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (275 օրվա ընթացքում 253,000 -ի փոխարեն՝ 2,984 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 3 մուտք և ելք՝ ԿՄԽԿ-ի մեքենաները:

Շուրջ 19 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (275 օրվա ընթացքում մոտ 110,000 տոննայի փոխարեն՝ 5,715 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ 0 տոննա:

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 208 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 246 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

Շրջափակումից ի վեր 1710 տնտեսավարող սուբյեկտ (ընդհանուրի 40 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացածը կա՛մ փաստացի են կասեցրել, կա՛մ գործում են խիստ սահմանափակ ծավալով։

Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17,000 մարդ, որը մասնավոր հատվածի աշխատողների 90%-ից ավելին է:

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 523  մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 58 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: