Փաշինյանի «ծառան»

Փաշինյանի «ծառան»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ հանրապետության 5-րդ նախագահ ընտրված Վահագն Խաչատրյանն է, ով կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ է հայտնվում այս խորագրում՝ Փաշինյանի ավտորիտար նկրտումներին անվերապահորեն ծառայելու համար։

Նախարար, թե նախագահ՝ Փաշինյանի գրպանում

Վահագն Խաչատրյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է մարտի 13-ին՝ երդմնակալության արարողությամբ, բայց արդեն հասցրել է արժեզրկել այդ ինստիտուտն ավելի շատ, քան նույնիսկ իր նախորդը, որը նախագահի պաշտոնում այդպես էլ չկարողացավ ինքնուրույնություն դրսևորել՝ իր հակասական կերպարով նպաստելով հետհեղափոխական ավտորիտարիզմի կայացմանը։

Վահագն Խաչատրյանը նույնիսկ նախագահ ընտրվելուց հետո ֆորմալ առումով մնաց Փաշինյանի ենթական՝ միայն այսօր ազատվելով նախարարի պաշտոնից։ Վարքագծային առումով ու հրապարակային հայտարարությունների մակարդակում Խաչատրյանը մնալու է Փաշինյանի ստվերում՝ իր կենսագրության անակնկալ «թռիչքի» համար պարտական մնալով գործող վարչապետին։ 

«Որևիցե մեկը՝ այդ թվում Ադրբեջանը, իր այսօրվա պահվածքով մեզ չպետք է շեղի։ Մենք պետք է կարողանանք խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- երեկ հայտարարել է նախարար- նախագահը։

Ինչպես տեսնում եք՝ Վահագն Խաչատրյանը հավատարմորեն առաջ է տանում Փաշինյանի թեզերը։ Թերևս, սա «բնավորություն» է այսօրվա կաբինետի բոլոր նախարարների համար, բայց Խաչատրյանը մի հատուկ «ջանասիրությամբ» է ծառայում «շեֆին»՝ ապացուցելով, որ Փաշինյանը չի սխալվել իր ընտրության հարցում։

Խաչատրյանը՝ «մշտակա՞ն»

Մի քանի օր առաջ մենք արձանագրել էինք, որ այս խորագրի «մշտական հերոսի» կարգավիճակում կարող է հանդես գալ ՔՊ տխրահռչակ խոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ իր էպատաժային հայտարարություններով։ Ամենևին չէինք ցանկանա, որ Ալեքսանյանի հետ նույն հարթության վրա դիտարկվի Վահագն Խաչատրյանը, մանավանդ, որ այս դեպքում մինչև վերջ արժեզրկվելու է նախագահի ինստիտուտը։

Հուսով ենք, բայց վստահ չենք․․․

Վահրամ Բագրատյան