Կիեւին առաջարկել են ճանաչել Ղրիմը որպես ռուսական և հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալուց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պայմաններ է առաջադրել Ուկրաինային հակամարտությունը դադարեցնելու համար, այդ թվում՝ ճանաչել 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը և հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալուց։ Այդ մասին հայտնել են արևմտյան պաշտոնյաները՝ հղում անելով ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ Կիևին ներկայացված գաղտնի փաստաթղթին:
Պաշտոնյաների խոսքերն է մեջբերել «The Wall Street Journal»-ը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ փաստաթուղթը պարունակում է քննարկման «պոտենցիալ տարբերակների ցանկ», այլ ոչ թե վերջնագիր։ Կիևի պատասխանը սպասվում է շաբաթվա վերջին Լոնդոնում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպմանը։ Եթե դիրքորոշումները համաձայնեցվեն, ապա նախաձեռնությունները կարող են ուղարկվել Մոսկվա։
WSJ-ը գրել է, որ Սթիվ Վիտկոֆֆը Լոնդոնում բազմակողմ խորհրդակցություններից հետո կարող է կրկին այցելել Մոսկվա։
Սակայն, ըստ պաշտոնյաների, ԱՄՆ-ի առաջարկները չեն նախատեսում ռուսական վերահսկողության օրինականացում «Ուկրաինայի արևելյան չորս շրջանների նկատմամբ», թեև դրանք չեն պահանջում ռուսական զորքերի դուրսբերում այնտեղից։ Վաշինգտոնը մտադիր չէ սահմանափակել Կիեւին ռազմական աջակցությունը կամ արգելափակել Ուկրաինա եվրոպական զորքերի տեղակայումը։
Առաջարկների թվում է Զապորոժժիայի ԱԷԿ-ի շուրջ չեզոք գոտու ստեղծումը՝ ԱՄՆ հնարավոր վերահսկողության ներքո։ Թրամփը մարտին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում նշել էր ուկրաինական էներգետիկ օբյեկտները ամերիկացիներին փոխանցելու մասին՝ այն անվանելով «ենթակառուցվածքների լավագույն պաշտպանությունը»։