Մարդիկ այժմ ուզում են անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ, որոնք, ցավոք սրտի, այսօր մեր երկրում չկան․ Արթուր Վանեցյան

Հանրությունն, այո՛, այսօրվա վիճակին հետևում է որպես դիտորդ և դրա վառ օրինակն այն է, որ մենք ունենք արտագաղթի մեծ ծավալ․ մարդիկ չեն ուզում այստեղ մնալ ու խնդիրները լուծել, այլ, փոխարենը, նախընտրում են իրենց ապագան կերտել ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ ՌԴ-ում։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգ. հետպատերազմյան Հայաստան, ՀՀ ներքին մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը մատնանշեց 2021 թվականի արտագաղթի վիճակագրությունը։
«Արտագաղթի նման ծավալը սպառնալիք է մեր երկրի համար»,- ասաց նա։
Անդրադառնալով հայկական օրակարգին՝ Արթուր Վանեցյանը նախ անդրադարձավ մեր երկրում առկա ռիսկերին, որոնք խանգարում են այդ օրակարգը ձևավորել։
«Ես ստիպված եմ խոսել անվտանգային ռիսկերից, քանի որ մարդիկ այժմ ուզում են անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ, որոնք, ցավոք սրտի, այսօր մեր երկրում չկան։ Այս իշխանությունները պետք է հեռանան, որ կարողանանք կտրել պարտությունների շղթան, որ այսօր մեր երկրում կա։ Մենք ունենք անվտանգային խնդիրներ, ՀՀ սուվերեն տարածքում գտնվող թշնամու զինուժ, անհասկանալի հարաբերություններ մեր հիմնական դաշնակցի հետ։ Եվ այս ամենը լուծում է պահանջում»,- շեշտեց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ այժմ առաջին հերթին պետք է ձևավորվի նորմալ իշխանություն, որը նախկիններ ու ներկաներ կեղծ երկխոսությունից դուրս կգա։ Ըստ նրա՝ հասարակության հետ պետք է երկխոսության մեջ մտնել՝ անկախ քաղաքական հայացքներից։
«Հայկական օրակարգի ձևավորման մեջ իր ուրույն դիրքը պետք է ունենա նաև Սփյուռքը, և ոչ թե խոսքերի մակարդակով, այլ՝ իրականում։ Պետք է սփյուռքահայն իրեն Հայաստանում սեփական տանը զգա»,- ասաց Արթուր Վանեցյանը։