«Ալեքսանդրապոլ-2»՝ «խաղաղության դարաշրջանի» փոխարեն

«Ալեքսանդրապոլ-2»՝ «խաղաղության դարաշրջանի» փոխարեն

Այսօր Նիկոլ Փաշինյանիի ընտանիքին պատկանող կայքում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հեղինակը բացահայտել է հայկական կողմին ներկայացված Ադրբեջանի հինգ վերջնագիր/ պահանջները:  Դրանք են.

1)ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

2)ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3)Միջանցք Հայաստանի տարածքով:

4)Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

5)Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Կարծում եմ՝ բոլորի համար է ակնհայտ, որ «Հավաստի աղբյուր» կեղծանվան տակ իրականում թաքնված է հենց Նիկոլ Փաշինյանը՝ այս երկրում միակ մարդը, ով ի պաշտոնե, տիրապետում է բանակցային գործընթացին:
Ընդ որում, լակոնիկ հոդվածի հայտնի/ անհայտ հեղինակը վերջաբանում գրում է. «Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին»:

Վիրավորական է, երբ Վեհափառ Հայրապետի ու Հայաստանի և Արցախի նախկին նախագահների նախաձեռնած գործընթացին Նիկոլ Փաշինյանը նման արհամարհական, ոչ համարժեք պատասխան է տալիս՝ թաքնվելով «Հավաստի աղբյուր» կեղծանվան տակ:

Ըստ այդմ, նա չի արժևորում ոչ միայն նախկին նախագահների ու ինստիտուցիոնալ ժառանգության ինստիտուտները, այլ նաև իր այսօրվա բարձր կարգավիճակը՝ շարքային լրագրողի մակարդակով մերժելով ազգային երկխոսության ու համախմբման անհրաժեշտությունը կամ դրանք իջեցնելով ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվություն փոխանակելու մակարդակի վրա:

Երկրորդ, Փաշինյանն, ըստ էության, արձանագրում է իր քաղաքականության կատարյալ ֆիասկոն, հակառակ դեպքում՝ նույնիսկ 44-օրյա պատերազմում պարտված Հայաստանին չէր կարող ներկայայացվել նման խայտառակ ուլտիմատում:

Եվ վերջապես՝ Փաշինյանի ընտանեկան կայքում հրապարակված հոդվածը բացահայտում է, որ փաստացի վարչապետը Հայաստանի համար բացել է ոչ թե «խաղաղության դարաշրջան», այլ «Ալեքսանդրապոլ-2»-ի նվաստացուցիչ կապիտուլյացիայի հեռանկար:

Վահրամ Բագրատյան