Ռուբեն Վարդանյանը զենքը վայր չի դնելու. մշակված սցենար կա

Արդեն հայտնել ենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին ուղերձով դիմելու է արցախցիներին։ Գրել ենք նաև, որ մեր տեղեկությունների համաձայն՝ այդ ուղերձի հիմնական մեխն այն է լինելու, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ազատվում է պաշտոնից։
MediaHub.am-ի աղբյուրները հայտնում են, որ հենց այդ օրը Արցախի Վերածննդի հրապարակում Վարդանյանի աջակիցները մեծ ակցիա էին նախատեսել, սակայն, այժմ որոշել են հետ կանգնել այդ մտքից, որպեսզի Հարությունյան-Վարդանյան հակասություններն ավելի ցցուն ու ակնառու չդառնան։
«Եթե բլոկադայի նախնական շրջանում իրենց ներանձնային խնդիրները քաղաքացիներն այդքան չէին նկատում, ապա այժմ եղած պառակտումը բոլորը տեսնում են, հստակ պահանջներ ներկայացնում։ Մարդիկ սկսել են հասկանալ, որ այս ամենում հասարակ քաղաքացիներն են դառնում միակ զոհը, իրենցից յուրաքանչյուրն իր աթոռի համար է պայքարում»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, քանի որ արդեն Վարդանյանի համար էլ է պարզ, որ Հարությունյանն իրեն պաշտոնից ազատելու է, ինքն էլ իր հստակ սցենարն է մշակել։
Վարդանյանն ուզում է արցախցիներին ցույց տալ, որ իր մղումներն ազնիվ են ու իր համար շարունակում է առաջնային լինել Արցախը շենացնելը, և այդ պատճառով նա մնալու է Արցախում: Մեր զրուցակցի խոսքով, գոնե առաջիկա ժամանակահատվածում ուզում է ակտիվորեն ու ավելի հանրային ձևով շարունակել իր արցախյան գործունեությունը։
«Վարդանյանն Արցախում շտաբ է բացելու ու շարունակելու է հանրային գործունեությունը»,- նշեց մեր աղբյուրը։
Նրա խոսքով՝ այս կերպ նա իր համար ճանապարհ է հարթում, որպեսզի հետագայում կարողանա ինտեգրվել հայաստանյան քաղաքական դաշտ։
Նարե Գնունի